Նոյեմբեր 19 2008
http://www.alikonline.com/news_archive.aspx
Դպրոցը դեռ չաւարտած՝ Ռոզիկ Այւազեանը անդամակցում է Թաւրիզի Հայ օգնութեան միութեանը (ՀՕՄ) եւ այդպիսով՝ հէնց շատ երիտասարդ տարիքից հիմքն է դրւում նրա միութենական գործունէութեան:
1960 թ.-ին ամուսնանում է Հայկ Բարոյեանի հետ եւ բախտաւորւում երեք որդիներով, որոնցից մէկը շատ ծանօթ է շատերին: Նա «Գառնի թուր» զբօսաշրջութեան ընկերութեան պատասխանատուներից՝ Վարուժ Բարոյեանն է:
Հանգուցեալ Ռոզիկ Բարոյեանը, ինչպէս միւս հայ մայրերը, օժտւած էր հայ մօր հոգատար ու բծախնդիր վերաբերմունքով:
Հանգուցեալ Ռոզիկ Բարոյեանը իր ընտանեկան կեանքով ապրելուց բացի, իր միութենական գործունէութեան կողքին, 25 տարի, նախ որպէս մանկապարտէզի, ապա նախակրթարանի ուսուցիչ, պաշտօնավարել է ՀՕՄ-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանում: Նրա դասարաններում աշակերտել են թաւրիզահայ համայնքի տասնեակ փոքրիկ աշակերտներ: Այդ սերունդների համար նա եղել է նրանց առաջին ուսուցիչը, որ սովորեցրել է հայոց գրերը, նրանց հոգին մկրտել հայկականութեամբ: Իր հանգստի կոչւելուց յետոյ էլ հանգուցեալ Ռոզիկ Բարոյեանը ՀՕՄ-ի մանկապարտէզ-նախակրթարանի իւրաքանչիւր հանդէսին ներկայ է գտնւել՝ միշտ էլ իր գնահատանքի խօսքերն ուղղելով հանդէսը կազմակերպող ուսուցիչներին ու ՀՕՄ-ի վարչականներին եւ ժպտադէմ հրաժեշտ տալով բոլորին:
Հանգուցեալ Ռոզիկ Բարոյեանը անդամակցում էր Թաւրիզի հայոց եկեղեցիների խնամակալ մարմնին եւ մեծ նւիրւածութեամբ է աշխատել եկեղեցու համար: Հաւատացեալ էր՝ բառի բուն իմաստով...
Նա մեծ խանդավառութիւն էր ապրում «Գառնի թուր» զբօսաշրջութեան ընկերութեան միջոցով դէպի Արեւմտեան Հայաստան կազմակերպած թուրով, խորապէս ուրախ էր իր պապերի Վանն այցելելու համար: Նա էլ շատ խոր ապրումներով գնաց Վան, այնտեղ աղօթեց, մոմեր վառեց, երեւի խնկարկեց իր նախնիների յիշատակին, սակայն, դժբախտաբար, Իրան վերադարձի ճանապարհին աւտովթարի հետեւանքով ընդմիշտ հրաժեշտ տւեց այս կեանքին եւ գնաց իր երկնային կեանքով ապրելու...
Նա պատկանում էր մի այնպիսի հայ ընտանիքի, որ բազմաթիւ հայ ընտանիքների հետ միասին՝ 1918 թւականին Իրան արշաւած թրքական բանակների միջոցով ենթարկւեցին Խոյի շրջանի հայոց ջարդերին ու թրքական կեղեքումներին եւ այսպիսով՝ Աղաջանեան ընտանիքի հոգում ընդմիշտ դրոշմւեց կոտորածի ահն ու սարսափը, այն տարիների դառն յիշատակները, իսկ նոյն ահաւոր ու եղերական դէպքերի հետեւանքով՝ Աղաջանեան ազգանունը փոփոխութեան ենթարկւեց, դարձաւ Էսլամփանահ: Աղաջանեան ընտանիքը Խոյի այն հայ ընտանիքներից մէկն էր, որ դիմակայելով բազում դժւարութիւնների՝ ոչ մի ճիգ չխնայեց հայօրէն ապրելու համար: Այդ ճիգի շնորհիւ՝ հայկական ոգի ունեցող Աղաջանեան ընտանիքում դաստիարակւեցին օրինակելի հայեր, որոնցից մէկն էր անգամներ օրինակելի բժշկի կոչմանն արժանացած դոկտ. Արմիկ Աղաջանեանը, որը ցաւօք՝ արդէն ոչ եւս է:
Նա ծնւել էր 1948 թւականին՝ Ատրպատականի Խոյ քաղաքում: Իր ընտանիքի հետ փոխադրւել էր Թաւրիզ եւ սովորել Թաւրիզի հայոց ազգ. «Հայկազեան-Թամարեան» դպրոցում: Միջնակարգ ուսումն աւարտելուց յետոյ՝ բարձրագոյն ուսման էր հետեւել Թաւրիզի համալսարանի բժշկական ճիւղում՝ ստանալով դոկտորայի աստիճան եւ իր աւարտաճառը պաշտպանել գերազանց նիշով՝ նիւթ ունենալով «Ստաֆիլոկոկային վարակիչ հիւանդութիւններ»-ը:
Թէեւ դոկտ. Արմիկ Աղաջանեանը բնակւում էր Թաւրիզում, սակայն անսահման կարօտով նա յաճախ էր այցելում Խոյ՝ իր ծննդավայրը: Ամէն տարի Ապրիլ 24-ին նախորդող օրերին նա գնում էր Խոյ եւ այնտեղի եկեղեցում մոմեր վառում ու աղօթում էր այն բոլոր նահատակ հայերի հոգու համար, որ 1918 թ.-ին Խոյի շրջանում ենթարկւեցին թրքական բանակի խոշտանգումներին ու կորցրեցին իրենց կեանքը:
Սիրելի եւ անկրկնելի Վիգէն Տէր-Ղազարեանը ծնւել էր 1948 թ.-ի ապրիլի 1-ին՝ Սալմաստ գաւառի Մալհամ գիւղում: Նա շատ փոքր տարիքում իր ընտանիքի հետ տեղափոխւում է Թաւրիզ: Նախ յաճախում է տեղի ՀՕՄ-ի մանկապարտէզ-նախակրթարանը, ապա սովորում է Թաւրիզի «Հայկազեան-Թամարեան» (Ասադի) դպրոցում՝ աւարտելով բնագիտութեան ճիւղը:
Նա անմիջապէս մեկնելով Թեհրան՝ կատարում է զինւորական ծառայութիւնը, ապա անցնում է աշխատանքի: Մասնագիտանալով ճանապարհաշինութեան մէջ՝ որպէս հմուտ եւ փորձառու պաշտօնեայ՝ ընդունւում է «Սալսալ» ճարտարագիտութեան ընկերութիւնը: Տարիներ շարունակ, մինչեւ իր կեանքի վերջը, իր պարտաճանաչութեամբ վայելում է տնօրէնութեան վստահութիւնը եւ գովասանքը:Մեր սիրելի Վիգէնը ամուսնանում է օր. Անետի հետ եւ բախտաւորւում մի աղջիկ զաւակով: Կազմւելով այդ փոքրիկ օջախը՝ ամբողջութեամբ նւիրւում է իր ընտանիքին՝ մինչեւ անգամ չխնայելով իր կեանքը:Վիգէնը իր համեստ, զուսպ եւ մշտաժպիտ բնաւորութեամբ՝ սիրւած մի անձնաւորութիւն էր՝ բոլոր հարազատների, բարեկամների, ընկեր-ուհիների եւ համագործակից պետական պաշտօնեաների կողմից: Բայց, շատ աւաղ, որ «մարդկային» անզգայութեան եւ անպարտաճանաչութեան զոհ դարձաւ նա..., բոլորին թողնելով ահաւոր վիշտ եւ թախիծ, նամանաւանդ իր սիրասուն Վանէին:
ՄԻ ՀԱՐԱԶԱՏ
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6887
Սիլւանա Ղարադաղեանը ծնւել էր 1980 թ., Թեհրանի Սասուն (Նարմաք) քաղաքամասում, մի արհեստաւորի ընտանիքում: Հայրը՝ Յաբեթը, յայտնի արհեստաւոր է, իսկ մայրը՝ Նազանը, մի համեստ տնային տնտեսուհի, եղբայրը՝ Արբին, ուսանող է, իսկ քոյրը՝ Սելինան, միջնակարգի առաջին դասարանում է սովորում. մի խօսքով՝ այս բարեկիրթ ընտանիքը ապրում էր խաղաղ եւ հանգիստ մտքով, մինչեւ որ պատահեց այդ անակնկալ պատահարը եւ հայ համայնքին պատեց մի խոր վիշտ:
Անդրադառնանք նորոգ հանգուցեալ վաղամեռիկ Սիլւանայի կենսագրութեանը: Նա իր տարրական եւ ուղեցոյց ուսումը ստացել է «Թունեան» դպրոցում, իսկ միջնակարգ ուսումն աւարտել է «Մարի Մանուկեան» դպրոցում, նախահամալսարանական դասընթացները անցկացնելով՝ անմիջապէս ընդունւել է Բումեհէնի համալսարանը եւ ստացել գերդիպլոմի վկայական, ապա ուսումը շարունակելու նպատակով՝ ընդունւել է «Շահիդ Ռաջայի» համալսարան եւ ստացել ճարտարապետութեան ճիւղի լիսանս:
Այնուհետեւ անցել է շինարարական եւ գծագրական աշխատանքի: Նրա նախասիրած աշխատանքը եղել է մեր պատմական կոթողների, ինչու չէ նաեւ՝ իրանական կոթողների ուսումնասիրութիւնը:
Բնաւորութեամբ համեստ եւ յարգալից աղջիկ էր: Միշտ յարգում էր մեծերին եւ ուշադրութեամբ լսում էր նրանց խօսքերը, սիրում էր ճամբորդութիւնը եւ հայոց պատմութիւնը:Ինչեւիցէ, կորցրինք այս մշտադալար աղջկան:
Թող այս տողերս լինեն մի փունջ ծաղիկ՝ իր յիշատակին եւ մխիթարութիւն՝ իր ընտանիքին ու հարազատներին:
Գ. ԱԲՈՒԼԵԱՆ
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6886
Միսաք Բաբայեանը ծնւել էր 1917 թ.՝ Իրանի Արեւելեան Ատրպատական նահանգի Մարաղա քաղաքում: Փոքր տարիքում ընտանեօք տեղափոխւում են Թաւրիզ ու կրթութեան կողքին՝ իր մասնակցութիւնն է բերում Հայ մարզա-մշակութային միութեան, որը ապագայում դարձաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղը:
Նա ամուսնանալով օր. Լոլայի հետ՝ բախտաւորւում է երկու դուստր եւ երկու տղայ զաւակներով:
Երիտասարդ տարիքում աշխատանքի է անցնում Վան քաղաքից Թաւրիզում հաստատւած արծաթագործ եւ փորագրիչ Հայկ Կարապետեանի եւ այլ յայտնի դէմքերի արհեստանոցներում ու կարճ ժամանակաշրջանում տիրապետում արծաթի գործին եւ արհեստին ու հիմնում «Էըթեբար» անւամբ արծաթի աշխատավայրը՝ իր մօտ ունենալով ու սովորեցնելով հայ երիտասարդներին, որոնցից իւրաքանչիւրը ապագայում այդ ասպարէզում դարձաւ յայտնի վարպետ:
Միսաք Բաբայեանի գործերը ցուցադրւեցին տարբեր յայտնի ցուցահանդէսներում եւ գնահատանքի արժանացան պետութեան ու նամանաւանդ Ձեռարւեստի հիմնարկութեան պատասխանատուների կողմից:
Սիրելի Միսաքը շատ շուտ կորցրեց իր կեանքի ընկերոջը, որի բոլոր լաւ եւ բարի կողմերի մասին միշտ կարտայատւէր, սակայն որպէս հայր՝ որեւէ ջանք չխնայեց իր զաւակների ու յատկապէս թոռնիկների հայեցի դաստիարակութեան եւ նրանց համար կեանքի բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղութեամբ:Նա իր ընկերների մօտ ճանաչւած էր որպէս ժպտադէմ եւ բարի մի անձնաւորութիւն:
Սիրելի Միսաքն անդամակցեց կեանքի կոչւած տարբեր յանձնախմբերի եւ մարմինների, քանի որ իր մէջ միշտ արթուն էր հայրենասիրական ոգին: Գաղափարական էր՝ բառի բուն իմաստով. նրա յուշատետրում կը հանդիպէինք մեր ֆիդայիների նկարներով եւ պատմականով զարդարւած էջերին եւ երբեմն էլ իր ընտանիքին կապւող ու հայրենասիրական բանաստեղծութիւններին: Հոգով կապւած էր «Ալիք» օրաթերթին եւ միշտ հետեւում էր հայկական լուրերին ու թերթում տպագրւող յօդւածներին:
Գրիչը անկարող է գրել իր գաղափարական այն զգացմունքների եւ գործերի մասին, որոնք կատարեց մինչեւ իր մահւան օրը: Կարծես թէ իր զաւակները եւ թոռնիկներն էին Արցախի պատանի եւ երիտասարդ երեխաները, որոնց հաւաքելով իր շուրջ՝ նկարւում էր Շուշիում:
Նա իր նիւթական եւ բարոյական կարելին չխնայեց հայանպաստ տարբեր ձեռնարկներից:
Կարծես թէ իր հայրենասիրական շունչը եւ Արեւմտահայաստանի Վան քաղաքի իր վարպետների փոխանցած պատմութիւնը իրեն հրահրեցին, որ այցելի Վան՝ մօտկից տեսնելու Վանայ լիճը, Աղթամարի վանքը եւ այլն, բայց ափսոս որ վերադարձին մեր միւս հայրենակիցների հետ զոհ գնաց արկածի հետեւանքով եւ մեծ ցաւ պատճառեց իրանահայութեան:Այս առիթով ցաւակցութիւն եմ յայտնում զոհւածների ընտանիքներին եւ բոլոր հարազատներին ու համբերութիւն ցանկանում իրենց:
Հողը թող թեթեւ լինի վրադ, սիրելի Միսաք:
ՄԻ ԸՆԿԵՐ
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6885
Պատարագի ընթացքում ներկաներին իր խօսքն ուղղեց թեմիս առաջնորդը, իսկ պատարագի աւարտին կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն՝ «Կարօտի զոհեր»-ի յիշատակին: Յաւարտ ս. պատարագի եւ հոգեհանգստեան արարողութեան՝ ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպւել էր ընդունելութիւն: Ընդունելութեան ընթացքում Սրբազան Հայրը նշեց. «Մեծապէս պիտի գնահատեմ Ձեզ, որ Ձեր այդ տառապանքի մէջ քաջ գտնւեցիք եւ քրիստոնէավայել կերպով դիմացաք այս նեղութիւններին եւ դա վկան է Ձեր հաւատքի»:
Յատկանշական է, որ հինգշաբթի հոկտ. 16-ին այդ կապակցութեամբ Թաւրիզում տեղի է ունեցել հոգեհանգիստ, իսկ հոկտ. 24-ին հոգեհանգստեան արարողութիւն է կատարւելու Նոր Ջուղայում: