Friday, October 17, 2008

Տագնապից Առաջ… եւ Յետոյ

( Ձօն՝ զոհւածներին եւ վերապրողներին )


« Մի նոր պատւիրան եմ տալիս ձեզ՝ սիրեցէ՛ք միմեանց։
Ինչպէս ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք։ Եթէ դուք միմեանց
սիրէք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն էք »
Յվ. 13. 34 – 35


Արեւմտեան Հայաստանի պատմական Վան քաղաքը կատարած իրենց ուխտագնացութիւնը իր կատարումին հասաւ…։ Կատարում՝ զոհւածների համար՝ յաւիտենական հանգիստ, վերապրողներին՝ նոր ծնունդ եւ միւս ուղեկիցներին զարմանահրաշ փորձառութիւն…։

Շուրջ միամսեայ անասելի, անպատմելի եւ կքոծ վազվզուքի աւարտին, եւ դէպքի 40- օրեակի սեմին, բարձրանում եմ առաջնորդարանի աշխատասենեակս. աշխատում եմ ամենայն հարազատութեամբ վերյիշել ամբողջ կատարւածը, ոչ այն վերարժեւորումը կատարելու թէ ՝՝ ով ինչ արեց եւ ինչքանով արեց կամ չկարողացաւ անել ՝՝ու հոգեբանութեամբ։ Դա անիմաստ է. այլ այն համոզումով միայն թէ այս տագնապը ի՞նչ խորհուրդ ունեցաւ մեր մէջ…։


Նոր Կտակարանն եմ վերցնում եւ կարդում Յովհաննու Աւետարանի 13րդ գլուխի բոլոր հատւածները…։


Կարդում եմ կրկին, գուցէ հազարերորդ անգամը լինելով, թէ ինչպէ՛ս Յիսուսը լւաց Իր աշակերտների ոտերը, ի նշան աստւածային յաւերժական սիրոյ, թէ ինչպէ՛ս ազդարարեց Յուդայի դժոխային մատնութիւնը եւ այդ արհաւիրքի պահին՝ կրկին տւեց վեհագոյն պատւիրանը՝ « սիրեցէ՛ք իրար »։


Մտամոլոր եմ… ժխտական ու դրական մտքեր ողողում են միտքս։ « եթէ »ներ, « ինչու »ներ, « ենթադրութիւն »ներ « երանի »ներ ու « ափսոս »անքներ տեղատարափ գալիս ու գնում են մտքիս հորիզոնում… ի զուր, եւ դեռ այդ բոլորի մէջ` շրջապատում հիւսւող անձնական տեսակէտների եւ փիլիսոփայութիւնների խճանկարը, դեռ՝ յաճախ զրպարտութիւնների ալիքներներն ու… բոլորը գալիս ու գնում են…։


Հիմա, որ զոհւածները ննջում են երկնային խաղաղ օթեւաններում, վիրաւորւածները վերագտնում են իրենց ֆիզիկական առողջութիւնը եւ հոգեպէս վերաթարմանում, ինքս իմ մէջ կրկին մտածում եմ թէ՝ նրանք բոլորն էլ Աստծու զաւակներն են եւ Քրիստոսի հաւատացեալ որդիները։ Երբ այդպիսին են, ուրեմն բոլորն էլ բնակւում են Իր յաւերժական բնակարանում, որը նիւթեղէն չէ, այլ վերացական եւ ոգեղէն։


Քրիստոսը իր աշակերտներին ասաց թէ « պիտի փնտռէք ինձ ». այո՛, փնտռեցին, որովհետեւ մատնութեան պահից յետոյ՝ բոլորն էլ լքեցին։ Բայց արդեօք Ինք չվերադարձաւ նրանց մօտ, կրկին ասելու թէ՝ Հայրը ձեզ անսահմանօրէն սիրում է՝ նոյնիսկ ձեր ամենատկար վայրկեաններում էլ. ուրեմն, սիրեցէ՛ք իրար…։


Բազո՜ւմ բազո՜ւմ հաւատացեալներ այդ հեւքոտ փնտռտուքի մէջ են՝ հանդիպելու Նրան, այն հանդիպմանը որը ժամացուցային իմաստով չի բացատրւում, այլ հաւատքով, այն հաւատքով որը լիքն է սիրով, այո՛, Իր նախասիրած պատւիրանով, նո՛ր պատւիրանով, որը միայն ու միայն սէրն է…։


Յետոյ կատարեց մէկ այլ հաստատում, երբ ասաց նրանց թէ « այնտեղ ուր ես եմ գնում՝ դուք չէք կարող գալ »։ Բազում առիթներով յայտնել էր աշակերտներին իր ՝՝ գնալ՝՝ու մասին։ Բայց այդ երթը մէկ սովորական ճամբորդութիւն չէր լինելու Երուսաղէմի տարածքում։ Այդ ՝՝ ճանապարհորդութիւնը ՝՝ եւ այդ ՝՝ ճանապարհը ՝՝ աշխարհագրական տարածքի վրայ չէր լինելու եւ ոչ էլ ՝՝ ճամբորդակից ՝՝ ունէր։


Դա՝ առաքումն էր Աստծու հրամանով՝ մարդկութեան փրկութեան համար։
Դա՝ աւետումն էր Աստծու սիրոյն՝ մարդկային կեանքի ապրելակերպն ու ձեւը ուղղելու իրա՛ւ հասցէին։
Դա՝ աստւածային սրբարար զօրութիւնն էր՝ ջախջախելու մեղքի, մոլորութեան, մահւան եւ գերեզմանի բոլոր կապանքները։
Դա՝ քաղցր հրաւէրն էր՝ վերադառնալու Տիրոջ այգեստանը եւ առյաւէտ լքելու տիղմն ու լճացումը։
Դա՝ Գողգոթան էր՝ իր ամենադաժան եւ մահւան սարսուռը կրող արհաւիրքով ողողւած, բայց միաժամանակ յաղթանակն էր Բարի Սամարացուն, որը նոյնիսկ անծանօթի վրայ գթաց, սիրեց, գուրգուրաց եւ խնամեց։


Արդարեւ, այս երկնատեսիլ առաքումը Հայրը սահմանել էր միմիայն իր Որդուն, որը սակայն, նախքան մեկնումը՝ աշակերտներին պատգամեց նոր պատւիրանը, նրանց կեանքի ուղեւորութիւնը՝ նոր կեանքը այսպէս սահմանելով թէ « մի նոր պատւիրան եմ տալիս ձեզ՝ սիրեցէ՛ք միմեանց։ Ինչպէս ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք։ Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն էք »։

Գոհարափայլ սոյն պատւիրանը որպէս աստւածային աւանդ թողնելով, Քրիստոսը հաստատեց թէ՝
-Իր առաքման փառաւորութիւնը արդէն իսկ իրականացւել էր, որովհետեւ ահա, ժամանակը հասել էր։
-Նրանց մենակ չթողեց, չլքեց, որովհետեւ արիական անհուն սիրոյ նշանը շնորհեց նրանց։
-Հնաւուրց աւանդւած ու պայմանաւորւած սիրոյ մասին չպատգամեց, այլ նորօրինակ վեհութիւն տալով սիրոյ պատւիրանին՝ մեկնեց մատնութեան պարտէզը, այնտեղից Հօրը մօտ գնալու։
-Երբ պատկերաւոր կերպով հովիւի ու ոչխարի օրինակը տւեց, երբ հաւատարիմ ու անառակ որդիների մասին խօսեց, երբ արդար այրի կնոջ ու անիրաւ դատաւորի մասին խօսեց, երբ հրեաների անառակութիւնները դատապարտեց, երբ սերմերը ցանեց՝ այդ բոլորի մէջ հաստատեց հոգեկան մէկ կապ, հոգու կապը եւ հրաւէրը՝ միշտ ապացուցելով որ իրաւամբ Իր աշակերտները կը լինեն՝ երբ նախընտրեն սէրը։

Նոր պատւիրանի փայլքը միայն ու միայն ապացուցւում է այն ժամանակ, երբ սիրելով կարողանում են մարդիկ ամենայն հարազատութեամբ նայել իրար աչքերին, յետոյ՝ ըստ արժանւոյն հանդիպելու Ամենակալին։


Քառասնօրեայ այս տագնապը անցկացնելուց յետոյ, ես հաւատում եմ որ բոլորս էլ պիտի կարողանանք մխիթարւել Քրիստոսի աստւածակերպ օրինակով, երբ այնքա՜՜՜ն սիրեց մարդկանց՝ մինչեւ Խաչը բարձրանալով եւ ապա Յարուցեալ Քրիստոս զօրութեամբ կրկին ժողւելու իր ցրւած հօտը, ի նշան յաւերժական սիրոյ։


Մեզանից առյաւէտ բաժանւած ծանօթ թէ անծանօթ այն սիրելիներին ասում ենք՝ դուք սիրեցի՛ք, անհունօրէն սիրեցիք մեզ, անսահմանօրէն սիրեցիք ձեր ամբողջ շրջապատն ու Աստծու զաւակներին, եւ մենք ձեզանից սիրոյ մէկ նոր խորհուրդ ստանալով, պիտի սիրենք իրար Քրիստոսի օրինակով։


Ձեր յիշատակը միշտ բարի…
Ձեր երկնային բնակութիւնը շնորհաւոր…
Ձեր ցանած սերմերը նո՛ր ծնունդ կը տան։

Նշան Եպս. Թօփուզեան
Թաւրիզ,
15 Հոկտ. 2008 թ.


No comments: