Monday, November 10, 2008

ՅԻՇԱՏԱԿ - Գայիանէ Մելիքեան (Յարութիւնեան)

«Ալիք»
4 Նոյեմբեր 2008

«Վանք»-ի գիւղապետի աղջիկն էր, ծնւած 1940 թւականին՝ Թեհրանում, բազմանդամ մի ընտանիքում:

Սովորել էր Թեհրանում եւ որպէս Յարութիւնեան ընտանիքի անդամ՝ հոգատար վերաբերմունքով հոգ է տարել իր քոյրերին ու եղբայրներին, ապա 1966 թ.-ին ամուսնացել է Հրաչ Մելիքեանի հետ եւ ամբողջ 42 տարի՝ մինչեւ իր դառնաղէտ մահը, որ տեղի ունեցաւ «Գառնի թուր» զբօսաշրջութեան ընկերութեան միջոցով դէպի Արեւմտեան Հայաստան կազմակերպւած թուրի հետ պատահած աւտովթարի հետեւանքով, ապրել է Թաւրիզում: Իր ամուսնութիւնից ունեցել է երեք որդիներ, որոնց դաստիարակութեան համար ոչինչ չէր խնայել: Հանգուցեալ Գայիանէ Մելիքեանի՝ այդ հայ մօր հոգատար դաստիարակութեան արդիւնքն են թաւրիզահայ համայնքում այնքան սիրւած՝ դոկտ. Արա, դոկտ. Արմէն եւ Անդրանիկ Մելիքեանները, որոնց բարութիւնը, խոհեմութիւնը եւ նւիրւածութիւնը ծանօթ են բոլորին: Նրանց յաճախ են հանդիպում թաւրիզահայ միութենական եւ հանրային կեանքում, որտեղ էլ դրսեւորում են իրենց որպէս պատասխանատւութեան բարձր գիտակցութեամբ օժտւած անհատներ:

Հանգուցեալ Գայիանէ Մելիքեանը մեղմ ու համեստ բնաւորութեան տէր մի անձնաւորութիւն էր: Նրան սիրում ու յարգում էին բոլորը, իսկ նրա դառնաղէտ մահը մեծ վիշտ պատճառեց ոչ միայն իր ընտանիքի անդամներին, այլ բոլոր նրանց, ովքեր թէկուզ մի բարեւով էին ծանօթ նրան:

Նրա մեղմ ժպիտը եւ սիրով արտայայտւող ողջոյնը արդէն պարզւում էր նրա հոգու նրբութիւնն ու համեստութիւնը: Այդ հոգատար մայրը եւ համեստ հայ կինը այժմ ոչ եւս է: Նա բաժանւած երկրաւորներից՝ միացել է երկնային կեանքին, մեզ մնում է աղօթել առ Ամենաբարին Աստւած, որ նրա հոգին հանգչեցնի երկնային խաղաղ օթեւաններում:

ՆԱՅԻՐԻ ԴԻԼԱՆԵԱՆ

http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=7344