18 Հոկտեմբեր 2008
Թւականիս հոկտ. 17-ի առաւօտեան Ս. Սարգիս եկեղեցում, յաւարտ ս. պատարագի, տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգիստ՝ սեպտեմբերի 8-ին Արեւմտեան Հայաստան ուխտագնացութիւնից վերադարձի ճանապարհին դժբախտ արկածի զոհ գնացած հայորդիների՝ Ալմաս (Թովմաս) Մովսիսեանի, Ֆարանգ Շահբազիի, Սիլւանա Ղարադաղեանի, Միսաք Բաբայեանցի եւ Վիգէն Տէր-Ղազարեանի մահւան 40-օրեակի առիթով:
Օրւայ պատարագին նախագահում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, իսկ պատարագիչն էր Տ. Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեանը:
Պատարագի ընթացքում ներկաներին իր խօսքն ուղղեց թեմիս առաջնորդը, իսկ պատարագի աւարտին կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն՝ «Կարօտի զոհեր»-ի յիշատակին: Յաւարտ ս. պատարագի եւ հոգեհանգստեան արարողութեան՝ ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպւել էր ընդունելութիւն: Ընդունելութեան ընթացքում Սրբազան Հայրը նշեց. «Մեծապէս պիտի գնահատեմ Ձեզ, որ Ձեր այդ տառապանքի մէջ քաջ գտնւեցիք եւ քրիստոնէավայել կերպով դիմացաք այս նեղութիւններին եւ դա վկան է Ձեր հաւատքի»:
Սրբազան Հայրն աւելացրեց, որ այդ ցաւալի դէպքի խնդրով ամենուր ստացւեցին վշտակցութիւններ եւ դա ապացուցեց, որ մենք մեր տառապանքների մէջ մենակ չենք: Նշելի է, որ օրւայ արարողութեանը ներկայ էին քահանայ հայրեր եւ ազգային մարմինների ներկայացուցիչներ:
Յատկանշական է, որ հինգշաբթի հոկտ. 16-ին այդ կապակցութեամբ Թաւրիզում տեղի է ունեցել հոգեհանգիստ, իսկ հոկտ. 24-ին հոգեհանգստեան արարողութիւն է կատարւելու Նոր Ջուղայում:
No comments:
Post a Comment