Saturday, September 13, 2008

Վերջին հրաժեշտ՝ կարօտի զոհերին

«Ծանր կսկիծով հողին յանձնեցինք արկածի առաջին զոհւածներին»,- Թաւրիզի ազգային գերեզմանատանը ասաց Տ. Նշան եպս. Թոփուզեանը
«Ալիք»13 Սեպտեմբեր 2008
Ուրբաթ, սեպտ. 12-ի կէսօրից յետոյ ժամը 4-ից Թաւրիզի ազգային գերեզմանատանը հողին յանձնւեցին Թուրքիայից Իրան վերադարձող հանրակառքի ողբերգական արկածի զոհ դարձած երկու սիրելիներ՝ տկն. Գայիանէ Մելիքեանի եւ դոկտ. Արմիկ Աղաջանեանի անշնչացած մարմինները՝ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Նշան եպս. Թոփուզեանի, Ս. Շողակաթ եկեղեցում կատարւած արարողութիւնից յետոյ, մասնակցութեամբ Ուրմիոյ հոգեւոր հովիւ Տ. Անանիա աբղ. Գուճանեանի, սգակիր հարազատների եւ հոծ թւով ցաւակիցների:
Արարողութիւնից յետոյ գերեզմանատան սրահում առաջնորդ Սրբազան Հայրը առաջին հերթին սգակիր հարազատներին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ցաւակցութիւններն ու վշտակցութիւնները:
Երկրորդ՝ յանուն թեմի եկեղեցական դասի եւ ազգային իշխանութեան ու համայնքի՝ վշտակցութեան զգացումներ փոխանցեց զոհւածների հարազատներին՝ ցանկանալով նրանց ծով համբերութիւն եւ զոհւածներին Յիսուս Քրիստոսի օրհնութիւնն ու մխիթարութիւնը՝ իրենց երանաւէտ կեանքում:
Սրբազան Հայրը իր խօսքում ասաց նաեւ. «Դէպքի առաջին պահից իսկ, մենք, թեմի ազգային իշխանութիւնը, քոյր թեմերի առաջնորդներն ու ազգային իշխանութիւնները, հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորները, Արեւելեան ու Արեւմտեան Ատրպատականների պետական պատասխանատուները ամէն ճիգ ի գործ դրեցինք զոհւածների դիակները Թաւրիզ եւ ապա Թեհրան ու Նոր Ջուղա տեղափոխելու համար, ինչպէս նաեւ վիրաւորւածներին տեղաւորելու Թաւրիզի հիւանդանոցներում»: Թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրն ասաց նաեւ. «Մեր խորին երախտագիտութիւնն ենք յայտնում՝ «Ալիք» օրաթերթին, դոկտ. Արա Մելիքեանին, դոկտ. Յասմիկ Գասպարեանին, Թաւրիզի ազգային առաջնորդարանի պաշտօնէութեանը եւ բոլոր նրանց, ովքեր որեւէ ձեւով օգտակար հանդիսացան մեզ»:
Խունկ եւ աղօթք՝ բոլոր զոհւածների յիշատակին:

http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=5958

Զոհւածների դիակները փոխանցւեցին Թեհրանի եւ Սպահանի թեմեր

«Ալիք»
13 Սեպտեմբեր 2008
Հինգշաբթի, սեպտ. 11-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց Թեմական խորհրդի ջանքերով եւ դոկտ. Արա Մելիքեանի անվերապահ համագործակցութեամբ, կարելի եղաւ ստանալ Արեւելեան Ատրպատականի դատախազի եւ ոստիկանութեան գրաւոր արտօնութիւնը՝ զոհւածների դիակները փոխադրելու Թեհրան եւ Սպահան։
Այս մասին սպառիչ բացատրութիւններ տւեց Ատրպատականի թեմակալ առաջնորդը՝ յայտնելով. «Նախ բաւական սփոփիչ եւ մխիթարիչ էր բոլորիս համար Վեհափառ Հայրապետի վշտակցութեան գիրը, որը ստացանք յուզումով եւ փոխանցեցինք բոլորին։ Հինգշաբթի օրը եւս մեզ համար ծանր էր. մի կողմից վիրաւորւածների վերջին հանգրւանի փոխադրութիւնը իրենց տները կամ հիւանդանոցները, ոմանց արդէն փոխանցել ենք Սպահան եւ Թեհրան, ոմանք դեռ մնում են հիւանդանոցներում. թեթեւ վէրքեր ունեցողները վերադարձել են իրենց տները»։
Իր արտայայտութիւններում Սրբազան Հայրը ասաց նաեւ «Հինգշաբթի վաղ առաւօտեան դոկտ. Արա Մելիքեանի ջանքերի շնորհիւ եւ Արեւելեան Ատրպատականի նահանգապետարանի հետ մեր կատարած համադրողական աշխատանքներին որպէս արդիւնք՝ կարելի եղաւ ստանալ դիակների փոխադրութեան գրաւոր արտօնութիւնը՝ դէպի Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմերի ազգային գերեզմանատները՝ յատուկ սառնարանային ինքնաշարժով»։ Իր խօսքի աւարտին առաջնորդ Սրբազան Հայրը իր երախտիքի արտայայտութիւնները կատարեց Իրանի թեմակալ առաջնորդներին եւ ազգային իշխանութիւններին, խորհրդարանի զոյգ պատգամաւորներին, «Ալիք» օրաթերթին, թեմի Թեմական խորհրդի անդամներին, Ատրպատականի ազգային առաջնորդարանի պաշտօնէութեան եւ բոլոր նրանց, ովքեր որեւէ ձեւով օգտակար հանդիսացան դեռ շարունակւող աշխատանքի համար:
Շնորհակալութեան զգացումներ եւ կրկնակի վշտակցութիւն՝ ամբողջ իրանահայութեան։
ՎԱՆՔ

ՑԱՒԱԿՑԱԳԻՐ

«Ալիք»
13 Սեպտեմբեր 2008
Տագնապի խոր զգացումով լսեցինք Թուրքիայի արեւելեան շրջաններ (Արեւմտեան Հայաստան) մեկնած իրանահայ ուխտաւորների ողբերգական մահւան բօթը:
Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան ողջ անձնակազմի եւ իմ անունից յայտնում ենք մեր խորազգաց վշտակցութիւնը՝ վթարի զոհւածների հարազատներին, ինչպէս նաեւ՝ իրանահայ երեք թեմերի առաջնորդներին, ազգային իշխանութիւններին:
ԿԱՐԷՆ ՆԱԶԱՐԵԱՆ
Իրանում ՀՀ դեսպանԹեհրան, 11 սեպտ. 2008 թ.

Վէրքերն ամոքող հանդիպում...

«Ալիք»
13 Սեպտեմբեր 2008



Ինչպէս արդէն տեղեակ է ընթերցողը, թւականիս սեպտ. 8-ին Արեւմտահայաստանից վերադարձող ուխտաւորներին փոխադրող հանրակառքը դժբախտ պատահարի ենթարկւեց, որի արդիւնքում զոհւեցին 16 հայորդիներ եւ բազմաթիւ վիրաւորներ:Վթարի տուժածներին օգնութեան հասնելու արձագանգը չուշացաւ. երեք թեմերի ազգային իշխանութիւնների ներկայացուցիչները եւ Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորները, իրանական կողմի աջակցութեամբ, նախ իրանական կողմում ծանօթանան դէպքի մանրամասներին, ապա մի պատւիրակութիւն, որը գլխաւորում էին հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ ճրտգ. Գէորգ Վարդանեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, ուղեւորւեցին Թուրքիա, այն 4 քաղաքների հիւանդանոցներ, ուր գտնւում էին մեր վիրաւորները: Պատւիրակութեան մաս էին կազմում Իրանի պետական այրեր, Թեմական խորհուրդների ներկայացուցիչներ եւ «Ալիք» օրաթերթի թղթակից Ռաֆիկ Արզումանեանը:Ստորեւ ընթերցողներին ենք ներկայացնում պատկերներ՝ առանց մեկնաբանութեան:


ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ՝ Ռ. ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

Իրանահայ համայնքին,Իրանի հայոց թեմակալ առաջնորդներին, Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագրակազմին

«Ալիք»13 Սեպտեմբեր 2008
Արցախում ցաւով ու կսկիծով տեղեկացանք Թեհրանից, Նոր Ջուղայից, Թաւրիզից եւ Ուրմիայից Արեւմտեան Հայաստան շրջագայութեան մեկնած մեր հայրենակիցներին փոխադրող հանրակառքի՝ Թուրքիայի արեւելեան մասում տեղի ունեցած վթարի եւ այդ հետեւանքով մեծ թւով ուղեւորների զոհւելու մասին:
ԼՂՀ-ի Ազգային ժողովը, ինչպէս նաեւ Արցախի ողջ ժողովուրդը, անչափ վշտացած է դժբախտ պատահարի ծանր հետեւանքներով եւ անդառնալի կորստի կապակցութեամբ խոր ցաւակցութիւն ու զօրակցութիւն է յայտնում իրանահայ համայնքի մեր եղբայրներին ու քոյրերին, Իրանի հայոց թեմերի առաջնորդներին, «Ալիք» օրաթերթի խմբագրակազմին եւ ընթերցողներին՝ հոգու արիութեան ու համբերութեան կոչելով պատահարի զոհ դարձած մեր ազգակակիցներին ընտանիքներին, բոլոր հարազատներին ու մերձաւորներին:
Աստծոյ ողորմածութիւնը խնդրենք անմոռաց նահատակներնի հոգուն:
Արագ ապաքինում ու կազդուրում՝ վթարի հետեւանքով վիրաւորւածներին:
ԱՇՈՏ ՂՈՒԼԵԱՆ՝ԼՂՀ-Ի ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=5955

Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ հոգեհանգիստ՝ արկածի զոհ գնացած 16 հայորդիների հոգիների համար

«Ալիք»
13 Սեպտեմբեր 2008
ԱՆԹԻԼԻԱՍ- Երեկ առաւօտեան Բիքֆայայի վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգիստ, արկածի զոհ դարձած 16 հայորդիների հոգիների համար:
Վեհափառ Հայրապետը իր ցաւակցական գրին առընթեր՝ նաեւ հեռախօսային կապ հաստատեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանի, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Բաբգէն եպս. Չարեանի եւ Ատրպատականի առաջնորդ Նշան եպս. Թոփուզեանի հետ՝ թելադրելով, որ իր ցաւակցութիւնները, օրհնութիւնն ու հայրական մխիթարանքը փոխանցեն հանգուցեալների ընտանիքներին եւ ամբողջ իրանահայութեանը:
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idg=1

Վերջին հրաժեշտ՝ կարօտի զոհերին

«Ալիք»
13 Սեպտեմբեր 2008

Դառնաղէտ պատահարի զոհերի հոգեհանգստեան արարողութիւն՝ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում՝ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի

«Ծանր կսկիծով հողին յանձնեցինք արկածի առաջին զոհւածներին»,- Թաւրիզի ազգային գերեզմանատանը ասաց Տ. Նշան եպս. Թոփուզեանը

Հինգշաբթի երեկոյեան ժամը 6-ին ցաւալի պատահարի զոհերի հոգեհանգստեան արարողութիւն՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում՝ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի



ԱԶԳԱՅԻՆ ԹԱՂՈՒՄ

Սրտի դառն կսկիծով ու վշտահար ապրումներով Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ վաղը՝ կիրակի, սեպտեմբերի 14-ին, կ. յ. ժամը 2-ին, Նոր Բուրաստանում կատարւելու է ազգային թաղում՝ դէպի Արեւմտեան Հայաստան կատարած ուխտագնացութիւնից վերադարձի ճանապարհին տեղի ունեցած աղետալի արակածի զոհ գնացած մեր ննջեցեալների՝

Սիլւանա Ղարադաղեանի, Ալմաս Մովսէս Մողադդամի, Ֆարանգ Շահբազիի եւ Միսաք Բաբայեանցի

Կրօնական տխուր արարողութեանը նախագահելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը՝մասնակցութեամբ Թեհրանի քահանայից դասի։

Դէպի Նոր Բուրաստան հանրակառքերը ժամը 1-ին շարժւելու են՝ Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներից եւ Սասուն քաղաքամասի «Թունեան» դպրոցից։

Խաղաղութիւն՝ նրանց հոգիներին եւ Սուրբ Հոգու մխիթարութիւն՝ նրանց ընտանիքների անդամներին։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հաղորդագրութիւն

«Ալիք»
11 Սեպտեմբեր 2008
Անցեալ երկու օրերի ընթացքում թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ցաւակցական հեռագրեր, գրութիւններ եւ էլեկտրոնային նամակներ է ստացել՝ սեպտեմբերի 9-ի առաւօտեան Թուրքիա-Իրան սահմանի մօտակայքում պատահած ցաւալի արկածի հետեւանքով զոհ գնացած հայորդիների մահւան առիթով:Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսից:Կ. Պոլսոյ պատրիարքարանից՝ Գերշ. Տ. Արամ Ս. արք. Աթեշեան՝ յանուն Ամենապատիւ պատրիարքի եւ ողջ միաբանութեան:Բէյրութից հայ կաթողիկէ պատրիարք Ամենապատիւ Տ. Ներսէս Թարմունիից եւ Իրանի ու արեւելեան Եւրոպայի, Հայաստանի ու Վրաստանի հայ կաթողիկէ համայնքների առաջնորդ Արհ. Տ. Նշան արք. Գարաքեհէեանից:Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Վարուժան Ս. արք. Հերկէլեանից:Ստամբուլից «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոբեր Հատտէճեանից՝ յանուն «Մարմարա»-ի ընտանիքի:Բէյրութի «Վանայ ձայն» ռադիոկայանից:Դամասկոսի ազգային բարերար եւ Կիլիկեան իշխան Գաբրիէլ Չեմբերճեանից:Պարսից ծոցի երկրների Աստւածաշնչային ընկերութեան ընդհանուր քարտուղար Հրայր Ճեպէճեանից:Հալէպից Արժ. Տ. Յուսիկ աւ. քհնյ. Սեդրակեանից՝ յանուն Բերիոյ թեմի առաջնորդ Սրբազան Հօր, քահանայից դասի եւ ողջ ժողովականութեան:Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանից:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

«Ակօս»-ը ցաւակցում է իրանահայութեանը

«Ալիք»
11 Սեպտեմբեր 2008

Երէկ երեկոյեան Ստամբուլից հեռախօսային ուղիղ կապով Պոլսում (Ստամբուլ) հրատարակւող «Ակօս» շաբաթաթերթի տնօրէն Սարգիս Սերոբեանը «Ակօս»-ի ողջ անձնակազմի անունից ցաւակցութիւն յայտնեց իրանահայ ուղեւորներին պատահած դէպքի առնչութեամբ: Մեր գործընկերը խնդրեց «Ալիք»-ի ճամբով զոհւածների հարազատներին փոխանցել վշտակցութեան անկեղծ զգացմունքները:
Այս առթիւ թերթս ցաւակցական երկտող է ստացել նաեւ Սիրիայի մեր աշխատակից Աւօ Գաթըրճեանից:
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=5922

ՑԱՒԱԿՑԱԳԻՐ

«Ալիք»
11 Սեպտեմբեր 2008

Սեպուհ արք. Սարգսեանին (Թեհրանի հայոց թեմի առաջնորդ), Բաբգէն եպս. Չարեանին (Սպահանի հայոց թեմի առաջնորդ), Նշան եպս. Թոփուզեանին (Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ), անձնապէս Ձեզի եւ Ձեր Թեմական խորհուրդներուն կը յայտնենք մեր խոր ցաւակցութիւնները՝ հանրակառքի արկածին պատճառով Թեհրանէն, Նոր Ջուղայէն, Թաւրիզէն եւ Ուրմիոյ շրջաններէն արձանագրւած զոհերուն համար, ինչպէս նաեւ արագ ապաքինում կը մաղթենք վիրաւոր հայրենակիցներուն:
ՀՅԴ ԼԻԲԱՆԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ