4 Նոյեմբեր 2008
Արմատներով վանեցի էր: Նրա հայրը Օսմանեան Թուրքիայի կազմակերպած Հայոց Ցեղասպանութեան տարիներին Վանից գաղթել է Արեւելեան Հայաստան, իսկ 1921 թ.-ին Հայաստանի Հանրապետութեան խորհրդայնացման հետեւանքով՝ գաղթել է Իրան ու հաստատւել Թաւրիզում: Ցեղասպանութեան արհաւիրքից եւ խորհրդային հետապնդումներից փրկւած այդ ընտանիքում 1936 թ.-ին Թաւրիզում ծնւում է Ռոզիկ Այւազեանը:Նա նախ սովորում է Թաւրիզի հայոց ազգային դպրոցում, յետոյ էլ՝ «Փարւին» դպրոցում, որից ընթացաւարտ է դառնում:
Դպրոցը դեռ չաւարտած՝ Ռոզիկ Այւազեանը անդամակցում է Թաւրիզի Հայ օգնութեան միութեանը (ՀՕՄ) եւ այդպիսով՝ հէնց շատ երիտասարդ տարիքից հիմքն է դրւում նրա միութենական գործունէութեան:
1960 թ.-ին ամուսնանում է Հայկ Բարոյեանի հետ եւ բախտաւորւում երեք որդիներով, որոնցից մէկը շատ ծանօթ է շատերին: Նա «Գառնի թուր» զբօսաշրջութեան ընկերութեան պատասխանատուներից՝ Վարուժ Բարոյեանն է:
Հանգուցեալ Ռոզիկ Բարոյեանը, ինչպէս միւս հայ մայրերը, օժտւած էր հայ մօր հոգատար ու բծախնդիր վերաբերմունքով:
Հանգուցեալ Ռոզիկ Բարոյեանը իր ընտանեկան կեանքով ապրելուց բացի, իր միութենական գործունէութեան կողքին, 25 տարի, նախ որպէս մանկապարտէզի, ապա նախակրթարանի ուսուցիչ, պաշտօնավարել է ՀՕՄ-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանում: Նրա դասարաններում աշակերտել են թաւրիզահայ համայնքի տասնեակ փոքրիկ աշակերտներ: Այդ սերունդների համար նա եղել է նրանց առաջին ուսուցիչը, որ սովորեցրել է հայոց գրերը, նրանց հոգին մկրտել հայկականութեամբ: Իր հանգստի կոչւելուց յետոյ էլ հանգուցեալ Ռոզիկ Բարոյեանը ՀՕՄ-ի մանկապարտէզ-նախակրթարանի իւրաքանչիւր հանդէսին ներկայ է գտնւել՝ միշտ էլ իր գնահատանքի խօսքերն ուղղելով հանդէսը կազմակերպող ուսուցիչներին ու ՀՕՄ-ի վարչականներին եւ ժպտադէմ հրաժեշտ տալով բոլորին:
Հանգուցեալ Ռոզիկ Բարոյեանը անդամակցում էր Թաւրիզի հայոց եկեղեցիների խնամակալ մարմնին եւ մեծ նւիրւածութեամբ է աշխատել եկեղեցու համար: Հաւատացեալ էր՝ բառի բուն իմաստով...
Նա մեծ խանդավառութիւն էր ապրում «Գառնի թուր» զբօսաշրջութեան ընկերութեան միջոցով դէպի Արեւմտեան Հայաստան կազմակերպած թուրով, խորապէս ուրախ էր իր պապերի Վանն այցելելու համար: Նա էլ շատ խոր ապրումներով գնաց Վան, այնտեղ աղօթեց, մոմեր վառեց, երեւի խնկարկեց իր նախնիների յիշատակին, սակայն, դժբախտաբար, Իրան վերադարձի ճանապարհին աւտովթարի հետեւանքով ընդմիշտ հրաժեշտ տւեց այս կեանքին եւ գնաց իր երկնային կեանքով ապրելու...