Tuesday, November 25, 2008

Ի ՅԻՇԱՏԱԿ ԶՈՀՒԱԾՆԵՐԻ - «Դէպի Արարատ»Առաջին անգամ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան խորհրդանշական դրօշակը ծածանւեց Արարատ լեռան գագաթին


Ինչքան գեղեցիկ է այն երազանքների իրականացումը, որ անձնական երազանք լինելուց եւ կատարելագործւելուց բացի՝ հանդիսանում է նաեւ մի ամբողջ ժողովրդի պատկանելութիւն եւ որ հայը ցնծութիւն ու խոր յուզում չի ապրի, երբ իր ազգի զաւակներից Արարատ լեռան գագաթը նւաճի ու Եռագոյնը ծածանի Արարատ լեռան սրբազան գագաթին, այն էլ ոչ թէ մարզւած, արհեստավարժ ու լեռնագնացութեան գիտելիքներով զինւած, այլ զինւած այն արժէքներով, որ կոչւոմ է սէր, հաւատք Այսպիսի զէնքերով էր, որ նորջուղայաբնակ Էդմոնդ (էդօ) Թահմազեանը իր ընկերոջ՝ Ռոբերտ Ղարախանեանի հետ բարձրացաւ Արարատ լեռը եւ թւականիս օգոստոսի 28-ի լուսաբացին Նոր Ջուղայի անունից Եռագոյնը ծածանեց Արարատի գագաթին։


Մեր լեռնագնացները իրենց այս յաղթանակը նւիրում են 2008 թւականի սեպտեմբերի 8-ին՝ Արեւմտահայաստան ուխտագնացութիւնից վերադարձի ճանապարհին հանրակառքի վթարի հետեւանքով զոհ գնացած 16 հայորդիների անմոռաց յիշատակին


Էդմոնդ Թահմազեանը եւ Ռոբերտ Ղարախանեանը երբ տեղեկանում են, որ Թաւրիզի «Ազարքուհ» լեռնագնացութեան խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել է Արարատ լեռան գագաթը նւաճելու մի նախաձեռնութիւն, ոգեւորւած՝ դիմում ներկայացնելով՝ յայտնում են իրենց պատրաստակամութիւնը եւ երբ Կազմակերպիչ խորհուրդը լսում է նրանց լեռնագնացութեան անցեալի մասին, որ նրանք ունեն միմիայն Սպահանում գտնւող Սոֆի սարը բարձրանալու փորձը, չի համաձայնում, սակայն նրանք չեն հրաժարւում ու պնդում են իրենց ցանկութիւնը եւ այսպէս 48 ժամ մնացած մեկնելուն՝ ստանալով կազմակերպիչների համաձայնութիւնը եւ ընդունելով խմբին ընկերակցող բժշկի «սպառնալիքները» (որ որտեղ յարմար գտնի՝ կարգելի է շարունակելը) միանում են 11 քուրդ, թուրք եւ պարսիկ լեռնագնացների։


Երազանքը կատարւում է. նրանք յայտնւում են Արարատի լանջին։ Համակւած մեծ յուզումով, բայց եւ Արարատի սիրոյ ու հաւատքի ուժով լիցքաւորւած՝ հմուտ լեռնագնացների հետ համաքայլ՝ բարձրանում են լեռը։ Ոչ մի յոգնածութեան նշոյլ եւ ոչ մի առողջական դժւարութիւն: Նրանց չի խանգարում անգամ ուժեղ քամին ու անձրեւային եղանակը։

3800 մետր բարձրունքի վրայ, որտեղ հանգրւան էին գտել, շրջապատւած այլազգի ներկայացուցիչներով՝ ձայնակցում են իրենց հետ ունեցած «Ախ Արարատ» երգին (որտեղ մեծապէս օգնութեան է հասնում երգարւեստում մարզւած Ռոբերտի ձայնը) եւ միւս լեռնագնացների հետ միասին՝ յուզումնախառն պահեր են ապրում նաեւ Ջիւան Գասպարեանի կատարած դուդուկի երաժշտութեան ներքոյ։

Երկրորդ գիշերւայ ժամը 12-ին պիտի շարունակէին ճանապարհը, այստեղ հագուստների թրջւելու պատճառով՝ Ռոբերտը եղած հագուստները տրամադրում է ընկերոջը, որպէսզի գոնէ մէկնումէկը յարմար հագնւածքով կարողանայ շարունակել ճանապարհն ու խանգարում չառաջանայ ծրագրի մէջ։ Մթութեան մէջ 6-ժամեայ ճանապարհը գումարած շուրջ 300 մետր սառցապատ մասը կտրելուց յետոյ, առաւօտեան ժամը 6։20-ին խմբապետը դիմելով Էդմոնդին՝ հարցնում է. «Ուզո՞ւմ ես շարունակել»։ «Այո, բայց ե՞րբ ենք հասնելու».- հարցնում է Էդմոնդը, որը առաջինն էր խմբապետից յետոյ։ «Արդէն գագաթին ենք»,- գլխարկը վերցնելով եւ ուրախութեամբ ողջունում ու շնորհաւորում է խմբապետը։ Պահ՝ որ իւրաքանչիւրս կը ցանկանայինք տեսնել ու ապրել այն վեհ յոյզերն ու ապրումները, որի մասին մեծ ոգեւորութեամբ էր խօսում Էդմոնդը, պահ՝ որ կը ցանկանայինք միանալ յուզումնախառն ու բարձրաձայն «Հա-յաս-տան, Հա-յաս-տան» բացականչութեանը, որ արձագանգում էր լեռան շրջապատը, պահ՝ որ կը ցանկանայինք միանալ այն ձեռքերին, որոնք Եռագոյնը ծածանում էին Արարատի սրբազան գագաթին, ի վերջոյ պահ՝ որ հաւատում ու համոզւում ես, որ «Սէրն ու հաւատքն է միակ զէնքը, որով կարելի է հասնել այն ամէն ինչի, որ երազում ես հասնել». մի արտայայտութիւն, որ մեր լեռնագնաց զրուցակիցը յաճախ էր կրկնում իր խօսքերի մէջ։

«Ես կարծում եմ՝ եթէ մի լեռ լինի, ոչ թէ 8800 մետր բարձրութեամբ՝ Էւերեստի նման, այլ՝ 10000 մետր, բայց անունը լինի Արարատ, հայը կարող է բարձրանալ»: Այսպէս է ասել խմբին գլխաւորող պրն. Սամադը՝ Թուրքիոյ լեռնագնացութեան ազգային հաւաքականի նախաձեռնութեամբ կազմակերպւած վկայագրերի ու գաւաթի շնորհման միջոցառման ընթացքում: «Չէի հաւատում, եւ չէի սպասում կարողանայիք բարձրանալ, ես իսկապէս զարմացած եմ, որ այսքան ջերմեռանդ հայեր կան հանդէպ այս լեռը, ուր որ լինի, բարձրաձայն կասեմ ձեր այս քայլի մասին, ձեր այս հաւատքի մասին»,- աւելացրել է նա։ Եւ այսպէս՝ մէկշաբաթեայ դէպի Արարատ ճամբորդութեան ընթացքում լեռը բարձրանալու 3 օրւայ համար նախատեսւած ծրագիրը կատարելագործւում է 2 օրւայ ընթացքում։ Էդմոնդը իր հետ բերում է Արարատի գագաթին ծածանւող Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան խորհրդանշական դրօշի նկարը, որ խոստացել էր նոյն միութեան Կենտրոնական վարչութեանը՝ «Դուք դրօշը տւէք, ես նկարը կը բերեմ»,- ասել է նա։ «Արարատ» միութեան դրօշն է խնդրում, որպէսզի դա լինի երախտագիտութեան արտայայտութիւն՝ տարիներ նոյն միութեան մարզիկ, մարզիչ եւ ժամանակին պարախմբի անդամ լինելու առումով, իսկ Ռոբերտը իր հետ բերում է վերում նշւած ցուցաբերած վեհանձն կեցւածքի համար՝ արժանացած «Քափէ ախլաղ» գաւաթը, գումարած այն գեղեցիկ տպաւորութիւնները, որոնց մասին անդրադարձ եղաւ։ Այս ուղղութեամբ նրանց մեծապէս օժանդակութիւն է ցուցաբերում Թեհրանում Հ. Մ. «Նայիրի» միութեան լեռնագնացների խմբի անդամ Սուրիկ Քեշիշեանը, որը ոչ միայն մեծ ջանք է գործադրում նրանց խմբի մէջ ներառւելու կապակցութեամբ, այլ լեռնագնացութեան յարմարանք չունեցող Էդմոնդին եւ Ռոբերտին տրամադրում է անհրաժեշտ պարագաներ եւ հոգատարութեամբ ամբողջ ընթացքում հեռախօսակապով ստանում է նրանց իրավիճակից տեղեկութիւններ, իսկ միութեան Կենտրոնական վարչութեան անդամ Ռազմիկ Ալեքսանդրեանը իր տիկնոջ եւ դստեր համագործակցութեամբ կարճ ժամանակահատւածում պատրաստում է միութեան դրօշը։

«Թող Եռագոյնը միշտ ծածանւի Արարատի գագաթին, կայ այդ կարողութիւնը, եւ կայ այդ հնարաւորութիւնը պէտք է օգտւել Թուրքիոյ պետութեան կողմից ստեղծւած այս առիթներից, ես ուր, որ լինեմ, կաշխատեմ այդ ուղղութեամբ»,- ասում է Էդմոնդը եւ աւելացնում. «Երազանքս է մի օր աղջկաս՝ Լիլիայի հետ բարձրանալ Արարատը»։ Ռոբերտն իր հերթին ասում է՝ կարեւորը Արարատ բարձրանալն է, անգամ 1000 մետր եւ «Արարատ» միութեանը առաջարկում է, որ քայլեր ձեռնարկի այս ուղղութեամբ, ինքը ամենայն սիրով իր հնարաւորի չափ համագործակցութիւն կը բերի։

Այս մասին ասելիքները շատ են. կայ նաեւ մեր լեռնագնացների կենսագրական տւեալները, որոնց պիտի անդրադառնայինք, սակայն սահմանափակւենք այսքանով եւ յուսանք, որ մեր Եռագոյնը Արարատի գագաթին ծածանւի անդադար։ Հետաքրքրւող անձինք կարող են tahmazianed@yahoo.com հասցէով կապւել Էդմոնդ Թահմազեանի հետ:

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից
ԵՐԱՆՈՒՇ ԹԱՀՄԱԶԵԱՆ

«Ալիք»
Նոյեմբեր 19 2008
http://www.alikonline.com/news_archive.aspx