Wednesday, October 22, 2008

ԹԱՒՐԻԶ - Թաւրիզի զոհերի 40-օրեակի առիթով հոգեհանգստեան արարողութիւն

«Ալիք»
22 Հոկտեմբեր 2008

Թւականիս 16 հոկտեմբերին, կէսօրից յետոյ ժամը 4-ին, բազմամարդ էր Թաւրիզի հայոց գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցին եւ եկեղեցու շրջափակը: Հակառակ տեղացող յորդ անձրեւին՝ գերեզմանատուն դիմած բազմութիւնը սրտի խոր կսկիծով եկել էր մասնակցելու արդէն 40 օրեր առաջ «Գառնի թուր» զբօսաշրջութեան ընկերութեան միջոցով դէպի Արեւմտեան Հայաստան կազմակերպւած թուրին մասնակցած ու դէպի Իրան վերադարձին Թուրքիայում աւտովթարի հետեւանքով իրենց կեանքը կորցրածներ՝ դոկտ. Արմիկ Աղաջանեանի, Ռոզիկ Բարոյեանի եւ Գայիանէ Մելիքեանի մահւան քառասնօրեակի համար տեղի ունեցող հոգեհանգստեան արարողութեանը, որը կատարեց Ուրմիոյ հոգեւոր հովիւ Տ. Անանիա աբղ. Գուճանեանը: Հոգեհանգստեան արարողութեանը մասնակցում էր Թաւրիզի ծխատէր քահանայ Տ. Ներսէս Պասիլեանը:
Ս. Շողակաթ եկեղեցում կատարւող հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ Հայր Սուրբի ու Տէր Հօր գլխաւորութեամբ, հանգուցեալների ընտանիքների անդամներին ու հարազատներին միանալով՝ գերեզմանատուն եկած բազմութիւնը ուղեւորւեց դէպի հանգուցեալների շիրիմները, որոնց վրայ տեղադրւեցին մեծ թւով ծաղկեպսակներ ու ծաղկեփնջեր, իսկ բոլորը խնկարկելով այդ հանգուցեալների գերեզմանները՝ համախմբւեցին գերեզմանատան սրահում, ուր հանգուցեալների ընտանիքների անունից Կարէն Սարգսեանը շնորհակալական խօսք ուղղեց այդ հոգեհանգստեան արարողութեանը մասնակցածներին: Նա մասնաւոր շնորհակալական խօսք ուղղեց նաեւ բոլոր այն մուսուլման ներկաներին, որոնք եւս իրենց հերթին եկել էին վշտակցելու հանգուցեալների հարազատներին:
Հայոց գերեզմանատան սրահում Տ. Անանիա աբղ. Գուճանեանը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Նշան եպս. Թոփուզեանի վշտակցութիւնն ու ցաւակցական խօսքը փոխանցեց հանգուցեալների հարազատներին:
Հայր Սուրբը իր խօսքում անդրադարձաւ հանգուցեալներին՝ որպէս բարութեան, համեստութեան եւ ազնւութեան մարմնացումների, որոնց յիշատակը շա՜տ երկար կապրի բոլորի հոգիներում ու սրտերում եւ աղօթեց առ Ամենաբարին Աստւած, որ հանգուցեալների հոգին հանգչեցնի երկնային խաղաղ օթեւաններում, որից յետոյ հոգեհանգստեան արարողութեան մասնակցածները վշտակցութեան ու ցաւակցական խօսքեր ուղղելով հանգուցեալների հարազատներին՝ թողեցին սրահը:
ԹՂԹԱԿԻՑ (Թաւրիզ)

No comments: