«ԱԼԻՔ»
Սեպտեմբեր 9, 2008
Թերթիս տպագրման պահերին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Նշան եպս. Թոփուզեանը մեծ ցաւով խմբագրութեանս տեղեկացրեց դժբախտ պատահարի մասին: Դէպքը տեղի է ունեցել այսօր առաւօտեան ժամը 1-ին՝ Թուրքիայի արեւելեան մասում. Իրանի սահմանի մօտակայքում շրջւել է իրանահայ երեք թեմերի ուղեւորներին փոխադրող հանրակառքերից մէկը, որի հետեւանքով՝ կան մեծ թւով զոհեր եւ վիրաւորներ:Այսօր վաղ առաւօտեան Ատրպատականի Թեմական խորհրդից մի պատւիրակութիւն դէպքի վայրը մեկնելով՝ Մակուի եւ Չալդրանի գաւառապետերի համագործակցութեամբ փորձում է օգնութիւն ցուցաբերել տուժածներին:Դէպքի առնչութեամբ անհրաժեշտ համադրութիւնները կատարում է նաեւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանեանը՝ իրանական իշխանութիւնների եւ Թուրքիայում Իրանի դեսպանատան գծով:Նշելի է, որ հանրակառքի ուղեւորները եղել են իրանահայ զբօսաշրջիկներ՝ Թեհրանից, Նոր Ջուղայից, Թաւրիզից եւ Ուրմիայից, որոնք Արեւմտեան Հայաստան (Թուրքիայի արեւելեան շրջան) էին ճամբորդել:Միւս կողմից՝ «ԻՍՆԱ» լրատու գործակալութիւնը, ըստ Թուրքիայի պատասխանատուների, հաղորդելով իրանական ճամբորդատար մէկ հանրակառքի շրջւելու մասին լուրը, նշել է, որ ուղեւորներից 14-ը մահացել են եւ հաւանական է թւում, որ աւելանայ զոհերի թիւը:Լուրը քաղւած է «Թըրքիշ պրես» լրատւութիւնից, որի համաձայն՝ Թուրքիայի Աղրի նահանգի նահանգապետ Մուհամմեդ Սեթինի յայտարարութեամբ՝ իրանական հանրակառքը շրջւել է Դողու Բայազետ սահմանամերձ քաղաքից 23 կիլոմետր հեռաւորութեամբ դէպի Իրանի սահմանը:Ներկայ լուրի համաձայն՝ մահացողները 14, իսկ վիրաւորները 23 հոգի են եւ փոխադրւել են Աղրի քաղաքի հիւանդանոցը: Լրատւութեան համաձայն (առ. ժամը 10:34)՝ վիրաւորների մի մասի վիճակը ծանր է յայտարարւած:Վերջին տեղեկութիւնների համաձայն՝ իրանահայ զբօսաշրջիկների երկրորդ հանրակառքի ուղեւորները գտնւում են Բայազետի «Էրթուր» հիւրանոցում: Ըստ Թուրքիայի պետական հեռուստատեսութեան (ժամը 12-ի շուրջ)՝ զոհւածների թիւը 17 հոգի է նշւում:Յաւելեալ տեղեկութիւններ ստանալով՝ կը փոխանցենք մեր ընթերցողներին:
No comments:
Post a Comment