Thursday, September 11, 2008

Հանրակառքի արկածի մանրամասնութիւնների մասին հաղորդում է Տ. Նշան եպս. Թոփուզեանը

«Ալիք»
Ստպտեմբեր 11 2008
Անցնող շաբաթւայ ընթացքում դէպի Վան կատարւած ուխտագնացութեան աւարտին երեքշաբթի, սեպտ. 9-ի վաղ առաւօտեան Թաւրիզի ազգային առաջնորդարանում թեմակալ առաջնորդ Տ. Նշան եպս. Թոփուզեանին գուժեցին պատահած ողբալի արկածի մասին, որը տեղի էր ունեցել Դու Բայազիդի ճանապարհին, անձրեւային խիստ եղանակի ընթացքում։
Վաղ առաւօտեան Տ. Նշան եպս. Թոփուզեանը դէպքի մասին տեղեկացրեց Թեհրանի եւ Սպահանի թեմակալ առաջնորդներին, հիւս. իրանահայութեան պատգամաւորին, «Ալիք» օրաթերթի պատասխանատուներին, ինչպէս նաեւ՝ Արեւելեան եւ Արեւմտեան Ատրպատականի նահանգապետարաններին եւ պատկան այլ գրասենեակներին՝ հարկ եղած բոլոր օժանդակութիւնները ցոյց տալու համար։ Տ. Նշան եպս. Թոփուզեանը իր առաջին արտայայտութիւններում յայտնեց. «Սկզբում շատ շփոթ լուրեր ստացանք զոհւածների թւի մասին, որը ահաւոր իրավիճակ ստեղծեց գրեթէ երեք թեմերում էլ. յետոյ կարողացանք կապ պահել վիրաւորներից դոկտ. Արա Մելիքեանի հետ, որը հակառակ իր կրած ծանր կորստին եւ ստացած վնասւածքներին՝ սփոփեց մեր ծանր վիճակը։ Մեզ հետ տեւական կապի մէջ եղան Մակուի եւ Չալդրանի գաւառապետերն ու ոստիկանութիւնը»։
«Յայտնի դարձաւ որ արկածը տեղի էր ունեցել հանրակառքի մեքենավարի սխալի պատճառով։ Նա իր օգնականի հետ ձերբակալւել եւ այժմ թրքական կողմում բանտարկւած է»,- շարունակեց Սրբազան Հայրը։ Իր տւած այլ բացատրութիւնների մէջ Սրբազան Հայրը յայտնեց նաեւ, որ սեպտ. 10-ի առաւօտեան, հիւսիսային եւ հարաւային պատգամաւորների համագործակցութեամբ, Թաւրիզում հնարաւոր եղաւ զոհւածների դիակները տեղադրել «Վադիէ ռահմաթ»-ի սառնարաններում. հակառակ այն իրողութեան, որ բոլորի փաստաթղթերը պակասում էին, սակայն իւրայատուկ կարգադրութեամբ դա յաջողւեց անել։
Երէկւայ (չորեքշաբթի) տւեալներով՝ կարելի է ասել, որ բոլոր զոհւածների դիակները Թաւրիզում են գտնւում. վիրաւորւածների գրեթէ մեծ մասը տեղափոխւել է Թաւրիզի հիւանդանոցները, որոնց այցելել են՝ պատգամաւորները եւ Սրբազան Հօր անունից Ուրմիոյ հոգեւոր հովիւ Տ. Անանիա աբղ. Գուճանեանը։ Իսկ մնացեալ ծանր վիրաւորւածներին այցելելու եւ օժանդակելու նպատակով՝ խորհրդարանի զոյգ պատգամաւորները եւ թեմերի ներկայացուցիչները չորեքշաբթի կէսօրւայ ժամերին մեկնեցին Թուրքիա։
«Պետական գրասենեակների հետ հինգշաբթի օր մեր համագործակցութեան ընթացքը պիտի լինի այն, որ Թեհրանի եւ Սպահանի զոհւածների դիակները կա՛մ օդանաւով, կա՛մ էլ ամբուլանսներով տեղափոխենք ազգային առաջնորդարանները, որպէսզի յանձնւեն իրենց հարազատներին»,- շեշտեց Սրբազան Հայրը։
Իր խօսքերի աւարտին Տ. Նշան եպս. Թոփուզեանը յայտնեց. «Յոյսով, որ կարողացած լինենք մեր կողքին կանգնած մարդուժի համագործակցութեամբ՝ ամենայն համբերատարութեամբ կատարել մեր միւս պարտաւորութիւնները։ Խորապէս ցաւում ենք, սգում ենք այս ծանր ողբերգութիւնը եւ ցաւակցում բոլորիդ հետ»,- եզրափակեց Սրբազան Հայրը։
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idt=199

No comments: