Thursday, September 11, 2008

Իրանահայ ուղեւորների հանրակառքի դժբախտ պատահարի հարցով- Իրանահայ երկու պատգամաւորները Թուրքիայում մօտկից հետեւում են վիրաւորների վիճակին

«Ալիք»
Սեպտեմբեր 11, 2008
Այսօր առաւօտեան հեռախօսային կապ հաստատեցինք արդէն Թուրքիայում գտնւող Իսլ. խորհրդարանի երկու պատգամաւորներ՝ Գ. Վարդանեանի եւ Ռ. Բեգլարեանի հետ՝ նոր տեղեկութիւններ ստանալու սեպտ. 9-ին Իրան-Թուրքիա սահմանի մօտակայքում աւտովթարի հետեւանքով վիրաւորւածների մասին, որոնց հանդիպելու նպատակով էլ մեր հայ պատգամաւորները գտնւում են այնտեղ:
Պրն. Վարդանեանը կարեւորութեամբ շեշտեց, որ իրենց մինչ այժմ այցելած բոլոր քաղաքներում թուրք բարձրաստիճան պաշտօնեաները իրենց դիմաւորում են ամենայն յարգանքով, ցաւակցում եւ իրենց աջակցութիւնն առաջարկում: Աջակցութիւն, որը այս օրերի ընթացքում թէ՛ թուրք տեղաբնակների, եւ թէ՛ պաշտօնեաների կողմից մեծապէս ցուցաբերւել է:
Էրզրումում իրանական հիւպատոսութեան ներկայացուցչութիւնը տեղաբաշխւել է բոլոր այն հիւանդանոցներում, որտեղ մեր վիրաւորներն են եւ ամենայն ուշադրութեամբ հետեւում են թէ՛ բուժման, եւ թէ՛ ընդհանուր առմամբ՝ նրանց տեղում առաջացած հարցերին: Այնպէս որ՝ երկկողմանի աջակցութիւնը օգնում է մեզ՝ յաղթահարելու ստեղծւած ծանր կացութիւնը եւ սփոփելու մեր վիշտը:
Թուրքիայի քաղաքներում գտնւող մեր 18 վիրաւորների մասին պրն. Վարդանեանը նշեց, որ նրանց, որոնց արդէն տեղափոխման բժշկական արտօնութիւն է տրւում, աստիճանաբար տեղափոխում են Թաւրիզ: Արդիւնքում երէկ երեկոյեան ժամերից 9 հոգի արդէն տեղափոխւել են, 4 հոգի դեռ Իգդիրի հիւանդանոցում էին, որոնց մեր հեռախօսազրոյցի պահից մի քանի ժամ անց պէտք է արդէն այցելէին պատգամաւորները:
Նշենք, որ երէկ երեկոյեան իրանահայ ուղեւորների մի խումբ արդէն հասաւ Թեհրան:
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idg2=2222

No comments: