Monday, September 22, 2008

Թեմական լուրեր Թաւրիզից


Թեմական Լուրեր
Թաւրիզ

« Յանուն Իրանահայութեան երեք Թեմերի, կրկին անգամ մեր սրտի եւ հոգու զօրակցութիւնն ենք յայտնում զահւածների ընտանիքներին »
ասաց Նշան Եպս. Թօփուզեանը Թաւրիզում


Համանախագահութեամբ Իրանի երեք Թեմերի Թեմակալ Առաջնորդների, մասնակցութեամբ Իրանի Խորհրդարանի զոյգ հայ Պատգամաւորների, Ատրպատականի Հայոց Թեմի Պատգ. Ժողովի եւ Թեմական Խորհրդի ու համայնքի, Կիրակի, 21 Սեպտ. 2008 թ.ի առաւօտեան ժամը 10:45ին, Թաւրիզի Սբ. Սարգիս եկեղեցում մատուցւեց Սբ. Պատարագ, որը մատուցանեց Ուրմիոյ Հովիւ՝ Հոգեշ. Տ. Անանիա Աբեղայ Գուճանեանը, եւ նւիրւեց ի յիշատակ Արեւմտեան Հայաստան ուխտագնացութեան մասնակցած եւ վերադարձի ճանապարհին ինքնաշարժի արկածից զոհւած 16 հայորիների յիշատակին։
Սբ. Պատարագի ընթացքում, Տէրունական Աղօթքից առաջ հակիրճ խօսքով արտայայտւեց Թեմակալ Առաջնորդ Նշան Եպիսկոպոս Թօփուզեանը, նախ բարի գալստեան խօսք ասելով Թեմակալ երկու Առաջնորդ Հայրերին եւ Խորհրդարանի Պատգամաւորներին, շեշտելով թէ «ա՛յս օրը, որը զուգադիպում է զոհւածների ննջման եօթնօրեակին, որոշեցինք հաւաքաբար սոյն արարողութիւնը կատարել Թաւրիզում եւ այստեղից մեր հոգու եւ սրտի զօրակցութիւնը յայտնելու զոհւածների ընտանիքներին եւ կրկին յիշելու Ֆիզիկապէս վնասւածքներ կրողներին, ի նշան շուտափոյթ ապաքինման »։
Ապա, Սրբազան Հայրը խորան հրաւիրեց Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանին, օրւայ պատգամը փոխանցելու համար։
Սրբազան Հայրը իր բնաբանը դարձնելով Պօղոս Առաքեալի Եփեսացիներին գրած նամակից, ուր ասւում է « եւ այս բոլորի վրայ առէ՛ք հաւատի վահանը, որպէսզի կարողանաք հանգցնել Չարի արձակած բոլոր մխացող նետերը։ Առէ՛ք նաեւ փրկութեան սաղաւարտը եւ Սուրբ Հոգու սուրը, այսինքն՝ Աստծու խօսքը։ Այս բոլորի հետ մէկտեղ աղօթեցէ՛ք, թախանձագին աղօթեցէ՛ք տեւաբար, Սուրբ Հոգու օգնութեամբ » ( Եփսց. 6. 16 – 17 )։
Իր քարոզում, Սրբազան Հայրը առ ի մխիթարութիւն սգակիր պարագաներին ասաց թէ « այս ահաւոր արկածը ցնցեց ամբողջ Իրանահայութիւնը եւ մենք, թէ՛ հոգեւորական դասը, թէ՛ ազգային իշխանութիւնը եւ թէ՛ Խորհրդարանի Պատգամաւորները, ըստ կարելւոյն երեք Թեմերում էլ փորձեցինք ձեզ հետ լինել՝ ձեր կրած այս ծանր բեռը թեթեւացնելու համար »։
Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական պատասխանատուների ցուցաբերած օժանդակութիւնների մասին խօսելով, Սրբազան Հայրը շեշտեց թէ « յանուն ամբողջ Իրանահայութեան, յայտնում ենք մեր սրտագին շնորհակալութիւններն ու երախտիքը՝ Արեւելեան եւ Արեւմտեան Ատրպատականում պետական պատասխանատուների ցուցաբերած մարդկային օժանդակութիւնների համար, ինչպէս նաեւ Թուրքիայում Իրանի Դեսպանատան անձնակազմի եւ բոլոր նրանց ովքեր որեւէ ձեւով օգտակար հանդիսացան մեզ »։
Պօղոս Առաքեալի թելադրական խօսքերին անդրադառնալով, Սրբազան Հայրը ասաց թէ « պարտ է մեզ Սուրբ Հոգու սրով եւ վահանով սպառազինւելու՝ որպէսզի դիմակայենք նման ծանր հարւածներ. մաղթում ենք որ Աստծուն ապաւինելով, կարողանանք սփոփւել եւ մեր առօրեայում նման տագնապների ժամանակ չյուսահատւել… »։

Սրբազան Հօր քարոզից յետոյ, Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Բաբգէն Եպս. Չարեանը ընթերցեց Հաւաքական Խոստովանանքի աղօթքը, որից յետոյ հաւատացեալները ստացան Սբ. Հաղորդութիւն։
Պատարագի աւարտին, նախագահութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի տեղի ունեցաւ Հոգեհանգստեան Կարգը եւ յիշւեցին զոհւած հայորդիների անունները, աղօթք բարձրացնելով առ Աստւած որ Իր երկնային երանական օթեւաններում հանգչեցնի նրանց հոգիները։
Բի՜ւր յարգանք նրանց անմոռաց յիշատակին։

Յարգանօք՝
ՎԱՆՔ

No comments: