«Ալիք»
20 Սեպտեմբեր 2008
Արեւմտեան Հայաստան ուխտագնացութեամբ ճամբորդած եւ ողբերգական արկածին զոհ գնացած 16 հայորդիների հոգիների խաղաղութեան համար, վաղը՝ սեպտ. 21-ի առաւօտեան ժամը 11-ին, Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում, ս. պատարագի աւարտին, կատարւելու է հոգեհանգստեան կարգ։
Այս մասին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Նշան եպս. Թոփուզեանն ասաց. «Նախ, պիտի յայտնենք, որ մեր պարագայում եւս շատ ծանր եղաւ կորուստը. մենք սեպտ. 15-ին հողին յանձնեցինք մեր երրորդ զոհին՝ տկն. Ռոզիկ Բարոյեանին, որը Թաւրիզում ՀՕՄ-ի մանկապարտէզ-նախակրթարանում ունէր աւելի քան 30 տարւայ ուսուցչի եւ դաստիարակի վաստակ եւ վերջին տասնամեակում աշխոյժ ներկայութիւն էր Թաւրիզի եկեղեցիների կանանց խնամակալ մարմնի աշխատանքներում։ Նրան կոչեցինք «քաղցր մայրիկ», որովհետեւ իրա՛ւ ինքն այդպիսին էր։ Ցաւում ենք, որ իր զաւակներից թուրի պատասխանատու պրն. Վարուժան Բարոյեանը դեռ հիւանդանոցում է եւ կրում է ծանր վէրքեր. նա ենթարկւելու է վիրահատութիւնների»։
Ապա խօսելով հոգեհանգստեան կարգի մասին՝ ասաց. «Որոշեցինք երեք թեմակալ առաջնորդներով եւ խորհրդարանի զոյգ պատգամաւորներով Թաւրիզում կատարել հաւաքական մեր եօթնօրեակի աղօթքը՝ մէկ անգամ եւս սփոփելու մեր անձերին, կրկին դիմելու Ամենակալ Աստծուն, որպէսզի թեթեւացնի մեր սուգի ծանրութիւնը»։
Թեմակալ առաջնորդներն ու խորհրդարանի պատգամաւորները, այսօր՝ սեպտ. 20-ի երեկոյեան հասնելու են Թաւրիզ։
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6145
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6145
No comments:
Post a Comment