Monday, September 15, 2008

ՑԱՒԱԿՑԱԿԱՆ


«Ալիք»
15 Սեպտեմբեր 2008
Ցաւով տեղեկացանք իրանահայ համայնքից Արեւմտահայաստան ուխտագնացութեան մեկնած մեր հայրենակիցների հետ տեղի ունեցած ողբերգութեան մասին: Այսու մեր խորին ցաւակցութիւններն ենք յայտնում՝ զոհւածների հարազատներին, ազգային եւ թեմական կառոյցներին, ինչպէս նաեւ՝ ողջ իրանահայութեանը:Միաժամանակ՝ յայտնում ենք արագ ապաքինման մեր բարեմաղթանքները՝ ողբերգական դիպւածի ժամանակ վիրաւորւած մարդկանց:
Այս օրերում մենք մէկ անգամ եւս համոզւեցինք, որ հայ մարդկանց ցաւը, որտեղ էլ նրանք ապրելիս լինեն, ողջ հայութեան ցաւն է:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը հողին յանձնւեցին «Կարօտի զոհերի» մարմինները

«Ալիք»
15 Սեպտեմբեր 2008

Երէկ դառն կսկիծով Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը հողին յանձնւեցին թեհրանահայ հինգ հայորդիներից չորսի անշնչացած մարմինները, որոնք զոհւել էին աւտովթարի դառնաղէտ դէպքի հետեւանքով, Արեւմտեան Հայաստան կատարած ուխտից վերադառնալիս:

Բօթը ծանր էր համայնքի համար եւ ինչպէս դէպքի լուրը առնելու պահերից երբ բոլորս՝ ազգային մարմիններ, իշխանութիւն ու ժողովուրդ հոգեպէս ալեկոծւեցինք, այնպէս էլ երէկ հոծ բազմութիւն էր համախմբւել՝ Նոր Բուրաստանում՝ վերջին հրաժեշտը տալու զոհւածներին եւ վշտակցելու հարազատներին:Կէսօրւայ ժամը 2-ին Նոր Բուրաստան գերեզմանատանն էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, որը մի պատւիրակութիւն գլխաւորելով՝ արարողութեանը մասնակցելու նպատակով՝ Թեհրան էր ժամանել, Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան ներկայացուցիչներ, Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորներ, թեմերի Թեմական խորհուրդների եւ «Ալիք»-ի ներկայացուցիչներ, քահանայից դասը, զոհւածների հարազատները եւ մեծ թւով հայրենակիցներ:

Նոր Բուրաստանի մատուռի դիմաց, ուր համախմբւած էին ներկաները, տեղադրւած էին չորս զոհեր՝ ամուսիններ՝ Թովմաս Մովսէս Մողադդամի (Ալմաս) եւ Ֆարանգ Շահբազիի, Միսաք Բաբայեանի եւ Սիլւանա Ղարադաղեանի դագաղները:

Նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, խունկի ծուխով պատւած դագաղների մօտ, կատարւեց թաղման կրօնական կարգը, որի ընթացքում սգում էին ոչ միայն հանգուցեալի անմիջական հարազատները, այլեւ՝ ողջ ներկաները: Օրւայ առիթով դամբանականներ արտասանեցին՝ Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Մանրամասնութիւնները տեսնել մեր յաջորդ համարներից մէկում:

Նշենք, որ զոհերից Վիգէն Տէր-Ղազարեանի դին այսօր է հողին յանձնւելու:


Sunday, September 14, 2008

ՄԱՀԱԶԴ - ՎԻԳԷՆ ՏԷՐ-ՂԱԶԱՐԵԱՆԻ

Սրտի անհուն կսկիծով յայտնում ենք մեր անգին, անմոռանալի եւ անկրկնելի
ՎԻԳԷՆ ՏԷՐ-ՂԱԶԱՐԵԱՆԻ
անհաւատալի եւ արկածային մահը, որըտեղի ունեցաւ երկուշաբթի, սեպտ. 8-ին։Թաղումը կը կատարւի երկուշաբթի, սեպտ. 15-ին, կ. յ. ժամը 3-ին, Նոր Բուրաստան գերեզմանատանը։

ՄԱՀԱԶԴ

Խոր վշտով համակւած յայտնում ենք
ՍԻԼՒԱՆԱ ՂԱՐԱԴԱՂԵԱՆԻ,
ՄԻՍԱՔ ԲԱԲԱՅԵԱՆԻ,
ԹՈՎՄԱՍ ՄՈՎՍԷՍ ՄՈՂԱԴԴԱՄԻ (ԱԼՄԱՍ)
ԵՒ
ՖԱՐԱՆԳ ՇԱՀԲԱԶԻԻ
ցաւալի, դառնաղէտ եւ անակնկալ մահը, որը տեղի ունեցաւ երկուշաբթի, սեպտ. 8-ին։Թաղումը կատարւեց այսօր՝ կիրակի, սեպտ. 14-ին, կ. յ. ժամը 2-ին, Նոր Բուրաստան գերեզմանատանը։
«ԳԱՌՆԻ ԹՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Նոր Ջուղայի սգակիր հայութիւնը հողին յանձնեց իր զաւակներին

«Ալիք»
14 Սեպտեմբեր 2008


Համարեա՛ Ս. Ամենափրկչեան վանքը իր նորագոյն պատմութեան ընթացքում 2008 թւականի շաբաթ, սեպտ. 13-ի օրւայ պէս դառն ու սգալի օր չէր ունեցել...
Այդ օրը, առաւօտեան ժամը 10-ին, բազմահարիւր սգակիր հայորդիներ վանքի բակում արտասուքով եւ դառը կսկիծով դիմաւորեցին Նոր Ջուղայի բնակիչներից ութ հոգու անշնչացած մարմինները, որոնք Արեւմտեան Հայաստան շրջագայութիւնից վերադարձի ճանապարհին հանրակառքի չարաբաստիկ վթարի հետեւանքով՝ իրենց ոգեւորւածութիւնն ու մեր պապենական հայրենիքը տեսնելու լիցքը իրենց հարազատներին փոխանցելու կարօտով հեռացան այս աշխարհից:

Շաբաթ, առաւօտեան ժամը 10-ին, Ս. Ամենափրկիչ վանքի բակում տեղի ունեցաւ հաւաքական թաղման կրօնական արարողութիւնը, ուր ներկայ էին հարիւրաւոր մարդիկ՝ համարեա՛ ամբողջ Նոր Ջուղան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Իսլ. խորհրդարանի հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, հոգեւորականաց դասը, ազգային իշխանութեան բոլոր մարմիններն ու պաշտօնէութիւնը, միութենականներ, նոյնիսկ՝ պարսիկ շրջանակից ծանօթներ եւ անձինք:

Արարողութեանը մասնակցելու համար՝ նոյն առաւօտեան յատուկ կերպով Ս. Ամենափրկչեան վանք ժամանեց նաեւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը՝ իր հետ ունենալով հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանեանին, Թեհրանի հայոց թեմի Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչներին:

Վանքի բակում տեղի ունեցած թաղման կրօնական արարողութեան աւարտին Տ. Վազգէն քհնյ. Քեօշկերեանը ընթերցեց հանգուցեալներ՝ Սերա Հայկունեան-Յովհաննիսեանի, Հիլդա Մարգարեան-Ալեքսանդրեանի, Յովհաննէս Պօղոսեանի, Սուսանբար Յովսէփեան-Բարսեղեանի, Անուշիկ Բունիաթեան-Տէր-Մարտիրոսեանի, Շահսանամ Գալստեան-Ղարիբեանի, Քլարա Կիրակոսեան-Թորոսեանի եւ Հիլդա Քեշիշ Անդրէաս-Շիրւանեանի կենսագրականները, ինչպէս նաեւ վեր հանեց նրանց գործունէութիւնը՝ համայնքի ազգային, եկեղեցական եւ կրթական բնագաւառներում: Տէր Հայրը նաեւ տեղեկացրեց, որ Իրանում ՀՀ դեսպան պրն. Կարէն Նազարեանը եւս իր եւ դեսպանութեան կողմից ցաւակցութիւններ է փոխանցել ցաւալի պատահարի կապակցութեամբ:

Յանուն ազգային մարմինների ու ժողովականութեան՝ դամբանական խօսք արտայայտեց Կրթական խորհրդի ատենապետ Հրայր Շահնազարեանը՝ նշելով, որ Նոր Ջուղան անփոխարինելի կորուստներ ունեցաւ այս աղէտալի դէպքի ընթացքում, զոհեր՝ որոնք իրենց հաւատի ու ազգի նկատմամբ ամենաջերմ զգացումներով լեցուն անձեր էին եւ այդ առումով նրանց մահւան վիշտն ու սուգը բոլորինս է:

Սպահանի հայոց Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը յանուն ազգային մարմինների պարսկերէնով արտայայտած իր դամբանական խօսքում ցաւակցութիւն յայտնելով սգակիր հասարակութեանն ու հանգուցեալների հարազատներին՝ յատկապէս շնորհակալութեան խօսք արտայայտեց երկրի պետական առնչակից մարմիններին ու պատասխանատուներին, խորհրդարանի պատգամաւորներին եւ իրանահայութեան երկու պատգամաւորներին, նահանգապետերին եւ սահմանապահ ուժերին, որոնք անվերապահ աջակցութիւն են ցուցաբերել զոհւածների դիակների փոխադրութեան եւ վիրաւոր ու միւս ուղեւորների իրենց քաղաքները վերադառնալու աշխատանքում:

Հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, որ անցնող հինգ օրերի ընթացքում Իրան-Թուրքիա սահմանում մօտկից հետապնդել է աղէտեալներին օգնութիւն ցուցաբերելու բոլոր աշխատանքներն ու կատարել անհրաժեշտ համադրութիւնները՝ իր ցաւակցութիւնները յայտնելով՝ գնահատեց իրանահայ երեք թեմերի ազգային իշխանութեանց եւ երկրի պատասխանատու կառոյցների միասնական, հոգատար եւ հետեւողական աշխատանքը: Նմանօրինակ աղէտալի դէպքերը նւազագոյնի իջեցնելու եւ կանխելու ուղղութեամբ՝ պրն. Բեգլարեանը երկրի զբօսաշրջիկութեան բնագաւառին առնչւող կառոյցներին կոչ ուղղեց միջոցներ ձեռնարկել՝ առաւել անվտանգ եւ երաշխաւորւած ուղեւորութիւններ կազմակերպելու համար:

Յանուն Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան, ժողովականութեան եւ ժողովրդի ինչպէս նաեւ Ատրպատականի հայոց թեմակալ առաջնորդի, ազգային իշխանութեանց եւ ժողովրդի պատգամը փոխանցելով՝ ցաւակցական խօսք արտայայտեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, որն անդրադարձաւ դէպի Արեւմտեան Հայաստան մեր պապենական հողերը ուխտի գնացած հայորդիների հաւատքին ու համոզմանը:

Թեմիս առաջնորդը խոր կսկիծով ցաւակցութիւն յայտնեց եւ նշեց. «Հաւատում եմ, որ մեր ննջեցեալները հաւատացին եւ մեռան. Քրիստոսի եւ Աստծու հետ իրենց կեանքն ապրեցին, այդ հաւատքով ու ներշնչումով գնացին Վանն ու Կարսը եւ Անին տեսնելու եւ իրենց աչքերով վկայելու, որ դրանք մեր հողերն են, մեր սրբութիւններն են, մեր յուշակոթողներն են: Նրանք հաւատում էին մեր Տիրոջ այն խօսքին, որ «Ես յարութիւնն եմ: Նրանք՝ ովքեր հաւատում են Ինձ, չեն մեռնելու եւ յաւիտենական կեանքում անմահ են մնալու»: Նրանց երազը չի մեռնելու, նրանց ոգին շարունակւելու է մեր կեանքում, մեր յուշերում»: Սրբազան Հայրը համոզում յայտնեց, որ իրանահայութեան համար այս համընդհանուր սուգի մէջ մեր ժողովուրդը քրիստոնէական հաւատքով յարութիւն է առնում՝ միմեանց զօրակցելով ու գօտեպնդելով եւ շարունակելու է գոյատեւել ու ծաղկել: Նա իր շնորհակալական խօսքն ուղղեց՝ իրանահայ բոլոր թեմերին, երկրի պատասխանատուներին, յատկապէս՝ իրանահայ երկու պատգամաւորներին, Ատրպատականի թեմի առաջնորդին ու ազգային իշխանութեանց, որոնք ամէն ջանք ի գործ դրեցին՝ անմիջական օգնութիւն ցուցաբերելու աղէտեալներին:

Ապա սգակից հայորդիները ուղեւորւեցին Նոր Ջուղայի գերեզմանատուն՝ այնտեղ իրենց վերջին հրաժեշտը տալու իրենց սիրելիներին:

Գերեզմանատան մայր ճանապարհին կրկին հաւաքական կարճ արարողութիւն կատարւեց առաջնորդ Սրբազան Հայրերի նախագահութեամբ, ապա զոհւածների հարազատները նրանց դիերը տեղափոխեցին շիրիմների մօտ, ուր քահանայ հայրերի աղօթքով հողին յանձնւեցին նրանց մարմինները: Այստեղ՝ գերեզմանատանն էլ տիրում էր աննախադէպ իրավիճակ. ամէն կողմ խունկ էր ու սգոյ ողբ...

Մինչեւ կ. յ. ժամը 2.30-ը երկարող յուղարկաւորութեան արարողութեանը յաջորդեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում եւ սրահում ցաւակցութիւնների ընդունելութիւն: Եւ այս բոլոր արարողութեանց ընթացքում բոլորը մէկ ընտանիք լինելու վեհ զգացումով փորձում էին մխիթարել եւ մեղմացնել միմեանց ցաւն ու կսկիծը՝ իմանալով հանդերձ, որ դա այնքան էլ հնարաւոր չէ: Բարձրեալն Աստծուց ամնեղ զոհերի հոգիների համար հայցենք երկնային խաղաղութիւն, իսկ մեզ՝ մնացորդացիս համար՝ Սուրբ Հոգու մխիթարութիւն եւ համբերութիւն:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ

ԴԻՏԱՆԿԻՒՆ - Թեհրանի հայոց թեմի պատւիրակութիւնը՝ Նոր Ջուղայում

«Ալիք»
14 Սեպտեմբեր 2008
Երէկ վաղ առաւօտեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը, Կրօնական խորհրդի ատենապետ Տ. Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ Համիկ Մարգարեանը եւ Սեւան Դանիէլեանը մեկնեցին Նոր Ջուղա՝ Արեւմտեան Հայաստանի ուխտաւորներին Թեհրան վերադարձնող հանրակառքի ցաւալի դէպքի զոհւածների թաղման արարողութեանը մասնակցելու նպատակով եւ որպէս մխիթարութիւն ու զօրակցութիւն՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանին, Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին, ազգային իշխանութեանը, սգակիր ժողովրդին եւ ի մասնաւորի՝ զոհւածների հարազատներին:
Սրբազան Հօր գլխաւորած պատւիրակութիւնը մասնակցեց թէ՛ Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում կայացած հոգեհանգստեան արարողութեանը, եւ թէ՛ ազգային գերեզմանատանը կայացած թաղման արարողութեանը:
Սրբազան Հայրը տեղում թէ՛ խորազգաց վշտակցութիւն յայտնեց զոհւածների հարազատներին, եւ թէ՛ իր շնորհակալական խօսքն ուղղեց Իրանի պետական պաշտօնատարներին, նաեւ Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորներին, որոնք դէպքի առաջին պահերից իսկ ոչինչ չխնայեցին:

ՄԱՀԱԶԴ -ՄԻՍԱՔ ԲԱԲԱՅԵԱՆՑԻ

Խոր վշտով համակւած յայտնում ենք հաւատաւոր գաղափարական
ՄԻՍԱՔ ԲԱԲԱՅԵԱՆՑԻ
ցաւալի մահը, որը տեղի ունեցաւ սեպտ. 8-ին, Արեւմտահայաստան կատարած ուխտագնացութիւնից վերադարձին պատահած աւտովթարի հետեւանքով:Թաղումը կը կատարւի վաղը՝ կիրակի, սեպտ. 14-ին, կ. յ. ժամը 2-ին, Նոր Բուրաստան գերեզմանատանը:

ՄԱՀԱԶԴ - ՍԻԼՒԱՆԱ ՂԱՐԱԴԱՂԵԱՆԻ

Խոր վշտով համակւած յայտնում ենք մեր շատ սիրելի եւ թանկագին
ՍԻԼՒԱՆԱ ՂԱՐԱԴԱՂԵԱՆԻ
ցաւալի, դառնաղէտ եւ վաղաժամ մահը, որը տեղի ունեցաւ երկուշաբթի, սեպտ. 8-ին:Թաղումը կը կատարւի կիրակի, սեպտ. 14-ին, կ. յ. ժամը 2-ին, Նոր Բուրաստան գերեզմանատանը:

ՄԱՀԱԶԴ - ԹՈՎՄԱՍ ՄՈՎՍԷՍ ՄՈՂԱԴԴԱՄԻ (ԱԼՄԱՍ) եւ ՖԱՐԱՆԳ ՇԱՀԲԱԶԻԻ

Խոր վշտով համակւած յայտնում ենք մեր շատ սիրելիներ՝
ԹՈՎՄԱՍ ՄՈՎՍԷՍ ՄՈՂԱԴԴԱՄԻ (ԱԼՄԱՍ)
ԵՒ
ՖԱՐԱՆԳ ՇԱՀԲԱԶԻԻ
ցաւալի եւ դառնաղէտ մահը, որը տեղի ունեցաւ երկուշաբթի, սեպտ. 8-ին:Թաղումը կը կատարւի կիրակի, սեպտ. 14-ին, կ. յ. ժամը 2-ին, Նոր Բուրաստան գերեզմանատանը:

Լուսանկարներ-Թաւրիզում հողին յանձնւեցին տկն. Գայիանէ Մելիքեանի եւ դոկտ. Արմիկ Աղաջանեանի մարմինները


Ուրբաթ, սեպտ. 12-ի կէսօրից յետոյ ժամը 4-ից Թաւրիզի ազգային գերեզմանատանը հողին յանձնւեցին Թուրքիայից Իրան վերադարձող հանրակառքի ողբերգական արկածի զոհ դարձած երկու սիրելիներ՝ տկն. Գայիանէ Մելիքեանի եւ դոկտ. Արմիկ Աղաջանեանի անշնչացած մարմինները....
Ցուցադրւած լուսանկարները նկարահանել ու տրամադրել է Արթուր Գէորգեանը Թաւրիզից:




















Saturday, September 13, 2008

Վերջին հրաժեշտ՝ կարօտի զոհերին

«Ծանր կսկիծով հողին յանձնեցինք արկածի առաջին զոհւածներին»,- Թաւրիզի ազգային գերեզմանատանը ասաց Տ. Նշան եպս. Թոփուզեանը
«Ալիք»13 Սեպտեմբեր 2008
Ուրբաթ, սեպտ. 12-ի կէսօրից յետոյ ժամը 4-ից Թաւրիզի ազգային գերեզմանատանը հողին յանձնւեցին Թուրքիայից Իրան վերադարձող հանրակառքի ողբերգական արկածի զոհ դարձած երկու սիրելիներ՝ տկն. Գայիանէ Մելիքեանի եւ դոկտ. Արմիկ Աղաջանեանի անշնչացած մարմինները՝ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Նշան եպս. Թոփուզեանի, Ս. Շողակաթ եկեղեցում կատարւած արարողութիւնից յետոյ, մասնակցութեամբ Ուրմիոյ հոգեւոր հովիւ Տ. Անանիա աբղ. Գուճանեանի, սգակիր հարազատների եւ հոծ թւով ցաւակիցների:
Արարողութիւնից յետոյ գերեզմանատան սրահում առաջնորդ Սրբազան Հայրը առաջին հերթին սգակիր հարազատներին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ցաւակցութիւններն ու վշտակցութիւնները:
Երկրորդ՝ յանուն թեմի եկեղեցական դասի եւ ազգային իշխանութեան ու համայնքի՝ վշտակցութեան զգացումներ փոխանցեց զոհւածների հարազատներին՝ ցանկանալով նրանց ծով համբերութիւն եւ զոհւածներին Յիսուս Քրիստոսի օրհնութիւնն ու մխիթարութիւնը՝ իրենց երանաւէտ կեանքում:
Սրբազան Հայրը իր խօսքում ասաց նաեւ. «Դէպքի առաջին պահից իսկ, մենք, թեմի ազգային իշխանութիւնը, քոյր թեմերի առաջնորդներն ու ազգային իշխանութիւնները, հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորները, Արեւելեան ու Արեւմտեան Ատրպատականների պետական պատասխանատուները ամէն ճիգ ի գործ դրեցինք զոհւածների դիակները Թաւրիզ եւ ապա Թեհրան ու Նոր Ջուղա տեղափոխելու համար, ինչպէս նաեւ վիրաւորւածներին տեղաւորելու Թաւրիզի հիւանդանոցներում»: Թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրն ասաց նաեւ. «Մեր խորին երախտագիտութիւնն ենք յայտնում՝ «Ալիք» օրաթերթին, դոկտ. Արա Մելիքեանին, դոկտ. Յասմիկ Գասպարեանին, Թաւրիզի ազգային առաջնորդարանի պաշտօնէութեանը եւ բոլոր նրանց, ովքեր որեւէ ձեւով օգտակար հանդիսացան մեզ»:
Խունկ եւ աղօթք՝ բոլոր զոհւածների յիշատակին:

http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=5958

Զոհւածների դիակները փոխանցւեցին Թեհրանի եւ Սպահանի թեմեր

«Ալիք»
13 Սեպտեմբեր 2008
Հինգշաբթի, սեպտ. 11-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց Թեմական խորհրդի ջանքերով եւ դոկտ. Արա Մելիքեանի անվերապահ համագործակցութեամբ, կարելի եղաւ ստանալ Արեւելեան Ատրպատականի դատախազի եւ ոստիկանութեան գրաւոր արտօնութիւնը՝ զոհւածների դիակները փոխադրելու Թեհրան եւ Սպահան։
Այս մասին սպառիչ բացատրութիւններ տւեց Ատրպատականի թեմակալ առաջնորդը՝ յայտնելով. «Նախ բաւական սփոփիչ եւ մխիթարիչ էր բոլորիս համար Վեհափառ Հայրապետի վշտակցութեան գիրը, որը ստացանք յուզումով եւ փոխանցեցինք բոլորին։ Հինգշաբթի օրը եւս մեզ համար ծանր էր. մի կողմից վիրաւորւածների վերջին հանգրւանի փոխադրութիւնը իրենց տները կամ հիւանդանոցները, ոմանց արդէն փոխանցել ենք Սպահան եւ Թեհրան, ոմանք դեռ մնում են հիւանդանոցներում. թեթեւ վէրքեր ունեցողները վերադարձել են իրենց տները»։
Իր արտայայտութիւններում Սրբազան Հայրը ասաց նաեւ «Հինգշաբթի վաղ առաւօտեան դոկտ. Արա Մելիքեանի ջանքերի շնորհիւ եւ Արեւելեան Ատրպատականի նահանգապետարանի հետ մեր կատարած համադրողական աշխատանքներին որպէս արդիւնք՝ կարելի եղաւ ստանալ դիակների փոխադրութեան գրաւոր արտօնութիւնը՝ դէպի Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմերի ազգային գերեզմանատները՝ յատուկ սառնարանային ինքնաշարժով»։ Իր խօսքի աւարտին առաջնորդ Սրբազան Հայրը իր երախտիքի արտայայտութիւնները կատարեց Իրանի թեմակալ առաջնորդներին եւ ազգային իշխանութիւններին, խորհրդարանի զոյգ պատգամաւորներին, «Ալիք» օրաթերթին, թեմի Թեմական խորհրդի անդամներին, Ատրպատականի ազգային առաջնորդարանի պաշտօնէութեան եւ բոլոր նրանց, ովքեր որեւէ ձեւով օգտակար հանդիսացան դեռ շարունակւող աշխատանքի համար:
Շնորհակալութեան զգացումներ եւ կրկնակի վշտակցութիւն՝ ամբողջ իրանահայութեան։
ՎԱՆՔ

ՑԱՒԱԿՑԱԳԻՐ

«Ալիք»
13 Սեպտեմբեր 2008
Տագնապի խոր զգացումով լսեցինք Թուրքիայի արեւելեան շրջաններ (Արեւմտեան Հայաստան) մեկնած իրանահայ ուխտաւորների ողբերգական մահւան բօթը:
Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան ողջ անձնակազմի եւ իմ անունից յայտնում ենք մեր խորազգաց վշտակցութիւնը՝ վթարի զոհւածների հարազատներին, ինչպէս նաեւ՝ իրանահայ երեք թեմերի առաջնորդներին, ազգային իշխանութիւններին:
ԿԱՐԷՆ ՆԱԶԱՐԵԱՆ
Իրանում ՀՀ դեսպանԹեհրան, 11 սեպտ. 2008 թ.

Վէրքերն ամոքող հանդիպում...

«Ալիք»
13 Սեպտեմբեր 2008



Ինչպէս արդէն տեղեակ է ընթերցողը, թւականիս սեպտ. 8-ին Արեւմտահայաստանից վերադարձող ուխտաւորներին փոխադրող հանրակառքը դժբախտ պատահարի ենթարկւեց, որի արդիւնքում զոհւեցին 16 հայորդիներ եւ բազմաթիւ վիրաւորներ:Վթարի տուժածներին օգնութեան հասնելու արձագանգը չուշացաւ. երեք թեմերի ազգային իշխանութիւնների ներկայացուցիչները եւ Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորները, իրանական կողմի աջակցութեամբ, նախ իրանական կողմում ծանօթանան դէպքի մանրամասներին, ապա մի պատւիրակութիւն, որը գլխաւորում էին հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ ճրտգ. Գէորգ Վարդանեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, ուղեւորւեցին Թուրքիա, այն 4 քաղաքների հիւանդանոցներ, ուր գտնւում էին մեր վիրաւորները: Պատւիրակութեան մաս էին կազմում Իրանի պետական այրեր, Թեմական խորհուրդների ներկայացուցիչներ եւ «Ալիք» օրաթերթի թղթակից Ռաֆիկ Արզումանեանը:Ստորեւ ընթերցողներին ենք ներկայացնում պատկերներ՝ առանց մեկնաբանութեան:


ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ՝ Ռ. ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ

Իրանահայ համայնքին,Իրանի հայոց թեմակալ առաջնորդներին, Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագրակազմին

«Ալիք»13 Սեպտեմբեր 2008
Արցախում ցաւով ու կսկիծով տեղեկացանք Թեհրանից, Նոր Ջուղայից, Թաւրիզից եւ Ուրմիայից Արեւմտեան Հայաստան շրջագայութեան մեկնած մեր հայրենակիցներին փոխադրող հանրակառքի՝ Թուրքիայի արեւելեան մասում տեղի ունեցած վթարի եւ այդ հետեւանքով մեծ թւով ուղեւորների զոհւելու մասին:
ԼՂՀ-ի Ազգային ժողովը, ինչպէս նաեւ Արցախի ողջ ժողովուրդը, անչափ վշտացած է դժբախտ պատահարի ծանր հետեւանքներով եւ անդառնալի կորստի կապակցութեամբ խոր ցաւակցութիւն ու զօրակցութիւն է յայտնում իրանահայ համայնքի մեր եղբայրներին ու քոյրերին, Իրանի հայոց թեմերի առաջնորդներին, «Ալիք» օրաթերթի խմբագրակազմին եւ ընթերցողներին՝ հոգու արիութեան ու համբերութեան կոչելով պատահարի զոհ դարձած մեր ազգակակիցներին ընտանիքներին, բոլոր հարազատներին ու մերձաւորներին:
Աստծոյ ողորմածութիւնը խնդրենք անմոռաց նահատակներնի հոգուն:
Արագ ապաքինում ու կազդուրում՝ վթարի հետեւանքով վիրաւորւածներին:
ԱՇՈՏ ՂՈՒԼԵԱՆ՝ԼՂՀ-Ի ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=5955

Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ հոգեհանգիստ՝ արկածի զոհ գնացած 16 հայորդիների հոգիների համար

«Ալիք»
13 Սեպտեմբեր 2008
ԱՆԹԻԼԻԱՍ- Երեկ առաւօտեան Բիքֆայայի վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգիստ, արկածի զոհ դարձած 16 հայորդիների հոգիների համար:
Վեհափառ Հայրապետը իր ցաւակցական գրին առընթեր՝ նաեւ հեռախօսային կապ հաստատեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանի, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Բաբգէն եպս. Չարեանի եւ Ատրպատականի առաջնորդ Նշան եպս. Թոփուզեանի հետ՝ թելադրելով, որ իր ցաւակցութիւնները, օրհնութիւնն ու հայրական մխիթարանքը փոխանցեն հանգուցեալների ընտանիքներին եւ ամբողջ իրանահայութեանը:
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idg=1

Վերջին հրաժեշտ՝ կարօտի զոհերին

«Ալիք»
13 Սեպտեմբեր 2008

Դառնաղէտ պատահարի զոհերի հոգեհանգստեան արարողութիւն՝ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում՝ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի

«Ծանր կսկիծով հողին յանձնեցինք արկածի առաջին զոհւածներին»,- Թաւրիզի ազգային գերեզմանատանը ասաց Տ. Նշան եպս. Թոփուզեանը

Հինգշաբթի երեկոյեան ժամը 6-ին ցաւալի պատահարի զոհերի հոգեհանգստեան արարողութիւն՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում՝ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի



ԱԶԳԱՅԻՆ ԹԱՂՈՒՄ

Սրտի դառն կսկիծով ու վշտահար ապրումներով Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ վաղը՝ կիրակի, սեպտեմբերի 14-ին, կ. յ. ժամը 2-ին, Նոր Բուրաստանում կատարւելու է ազգային թաղում՝ դէպի Արեւմտեան Հայաստան կատարած ուխտագնացութիւնից վերադարձի ճանապարհին տեղի ունեցած աղետալի արակածի զոհ գնացած մեր ննջեցեալների՝

Սիլւանա Ղարադաղեանի, Ալմաս Մովսէս Մողադդամի, Ֆարանգ Շահբազիի եւ Միսաք Բաբայեանցի

Կրօնական տխուր արարողութեանը նախագահելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը՝մասնակցութեամբ Թեհրանի քահանայից դասի։

Դէպի Նոր Բուրաստան հանրակառքերը ժամը 1-ին շարժւելու են՝ Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներից եւ Սասուն քաղաքամասի «Թունեան» դպրոցից։

Խաղաղութիւն՝ նրանց հոգիներին եւ Սուրբ Հոգու մխիթարութիւն՝ նրանց ընտանիքների անդամներին։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հաղորդագրութիւն

«Ալիք»
11 Սեպտեմբեր 2008
Անցեալ երկու օրերի ընթացքում թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ցաւակցական հեռագրեր, գրութիւններ եւ էլեկտրոնային նամակներ է ստացել՝ սեպտեմբերի 9-ի առաւօտեան Թուրքիա-Իրան սահմանի մօտակայքում պատահած ցաւալի արկածի հետեւանքով զոհ գնացած հայորդիների մահւան առիթով:Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսից:Կ. Պոլսոյ պատրիարքարանից՝ Գերշ. Տ. Արամ Ս. արք. Աթեշեան՝ յանուն Ամենապատիւ պատրիարքի եւ ողջ միաբանութեան:Բէյրութից հայ կաթողիկէ պատրիարք Ամենապատիւ Տ. Ներսէս Թարմունիից եւ Իրանի ու արեւելեան Եւրոպայի, Հայաստանի ու Վրաստանի հայ կաթողիկէ համայնքների առաջնորդ Արհ. Տ. Նշան արք. Գարաքեհէեանից:Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Վարուժան Ս. արք. Հերկէլեանից:Ստամբուլից «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոբեր Հատտէճեանից՝ յանուն «Մարմարա»-ի ընտանիքի:Բէյրութի «Վանայ ձայն» ռադիոկայանից:Դամասկոսի ազգային բարերար եւ Կիլիկեան իշխան Գաբրիէլ Չեմբերճեանից:Պարսից ծոցի երկրների Աստւածաշնչային ընկերութեան ընդհանուր քարտուղար Հրայր Ճեպէճեանից:Հալէպից Արժ. Տ. Յուսիկ աւ. քհնյ. Սեդրակեանից՝ յանուն Բերիոյ թեմի առաջնորդ Սրբազան Հօր, քահանայից դասի եւ ողջ ժողովականութեան:Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանից:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

«Ակօս»-ը ցաւակցում է իրանահայութեանը

«Ալիք»
11 Սեպտեմբեր 2008

Երէկ երեկոյեան Ստամբուլից հեռախօսային ուղիղ կապով Պոլսում (Ստամբուլ) հրատարակւող «Ակօս» շաբաթաթերթի տնօրէն Սարգիս Սերոբեանը «Ակօս»-ի ողջ անձնակազմի անունից ցաւակցութիւն յայտնեց իրանահայ ուղեւորներին պատահած դէպքի առնչութեամբ: Մեր գործընկերը խնդրեց «Ալիք»-ի ճամբով զոհւածների հարազատներին փոխանցել վշտակցութեան անկեղծ զգացմունքները:
Այս առթիւ թերթս ցաւակցական երկտող է ստացել նաեւ Սիրիայի մեր աշխատակից Աւօ Գաթըրճեանից:
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=5922

ՑԱՒԱԿՑԱԳԻՐ

«Ալիք»
11 Սեպտեմբեր 2008

Սեպուհ արք. Սարգսեանին (Թեհրանի հայոց թեմի առաջնորդ), Բաբգէն եպս. Չարեանին (Սպահանի հայոց թեմի առաջնորդ), Նշան եպս. Թոփուզեանին (Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ), անձնապէս Ձեզի եւ Ձեր Թեմական խորհուրդներուն կը յայտնենք մեր խոր ցաւակցութիւնները՝ հանրակառքի արկածին պատճառով Թեհրանէն, Նոր Ջուղայէն, Թաւրիզէն եւ Ուրմիոյ շրջաններէն արձանագրւած զոհերուն համար, ինչպէս նաեւ արագ ապաքինում կը մաղթենք վիրաւոր հայրենակիցներուն:
ՀՅԴ ԼԻԲԱՆԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ