«Ալիք»
14 Սեպտեմբեր 2008
14 Սեպտեմբեր 2008
Համարեա՛ Ս. Ամենափրկչեան վանքը իր նորագոյն պատմութեան ընթացքում 2008 թւականի շաբաթ, սեպտ. 13-ի օրւայ պէս դառն ու սգալի օր չէր ունեցել...
Այդ օրը, առաւօտեան ժամը 10-ին, բազմահարիւր սգակիր հայորդիներ վանքի բակում արտասուքով եւ դառը կսկիծով դիմաւորեցին Նոր Ջուղայի բնակիչներից ութ հոգու անշնչացած մարմինները, որոնք Արեւմտեան Հայաստան շրջագայութիւնից վերադարձի ճանապարհին հանրակառքի չարաբաստիկ վթարի հետեւանքով՝ իրենց ոգեւորւածութիւնն ու մեր պապենական հայրենիքը տեսնելու լիցքը իրենց հարազատներին փոխանցելու կարօտով հեռացան այս աշխարհից:
Շաբաթ, առաւօտեան ժամը 10-ին, Ս. Ամենափրկիչ վանքի բակում տեղի ունեցաւ հաւաքական թաղման կրօնական արարողութիւնը, ուր ներկայ էին հարիւրաւոր մարդիկ՝ համարեա՛ ամբողջ Նոր Ջուղան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Իսլ. խորհրդարանի հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, հոգեւորականաց դասը, ազգային իշխանութեան բոլոր մարմիններն ու պաշտօնէութիւնը, միութենականներ, նոյնիսկ՝ պարսիկ շրջանակից ծանօթներ եւ անձինք:
Արարողութեանը մասնակցելու համար՝ նոյն առաւօտեան յատուկ կերպով Ս. Ամենափրկչեան վանք ժամանեց նաեւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը՝ իր հետ ունենալով հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանեանին, Թեհրանի հայոց թեմի Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչներին:
Վանքի բակում տեղի ունեցած թաղման կրօնական արարողութեան աւարտին Տ. Վազգէն քհնյ. Քեօշկերեանը ընթերցեց հանգուցեալներ՝ Սերա Հայկունեան-Յովհաննիսեանի, Հիլդա Մարգարեան-Ալեքսանդրեանի, Յովհաննէս Պօղոսեանի, Սուսանբար Յովսէփեան-Բարսեղեանի, Անուշիկ Բունիաթեան-Տէր-Մարտիրոսեանի, Շահսանամ Գալստեան-Ղարիբեանի, Քլարա Կիրակոսեան-Թորոսեանի եւ Հիլդա Քեշիշ Անդրէաս-Շիրւանեանի կենսագրականները, ինչպէս նաեւ վեր հանեց նրանց գործունէութիւնը՝ համայնքի ազգային, եկեղեցական եւ կրթական բնագաւառներում: Տէր Հայրը նաեւ տեղեկացրեց, որ Իրանում ՀՀ դեսպան պրն. Կարէն Նազարեանը եւս իր եւ դեսպանութեան կողմից ցաւակցութիւններ է փոխանցել ցաւալի պատահարի կապակցութեամբ:
Յանուն ազգային մարմինների ու ժողովականութեան՝ դամբանական խօսք արտայայտեց Կրթական խորհրդի ատենապետ Հրայր Շահնազարեանը՝ նշելով, որ Նոր Ջուղան անփոխարինելի կորուստներ ունեցաւ այս աղէտալի դէպքի ընթացքում, զոհեր՝ որոնք իրենց հաւատի ու ազգի նկատմամբ ամենաջերմ զգացումներով լեցուն անձեր էին եւ այդ առումով նրանց մահւան վիշտն ու սուգը բոլորինս է:
Սպահանի հայոց Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը յանուն ազգային մարմինների պարսկերէնով արտայայտած իր դամբանական խօսքում ցաւակցութիւն յայտնելով սգակիր հասարակութեանն ու հանգուցեալների հարազատներին՝ յատկապէս շնորհակալութեան խօսք արտայայտեց երկրի պետական առնչակից մարմիններին ու պատասխանատուներին, խորհրդարանի պատգամաւորներին եւ իրանահայութեան երկու պատգամաւորներին, նահանգապետերին եւ սահմանապահ ուժերին, որոնք անվերապահ աջակցութիւն են ցուցաբերել զոհւածների դիակների փոխադրութեան եւ վիրաւոր ու միւս ուղեւորների իրենց քաղաքները վերադառնալու աշխատանքում:
Հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, որ անցնող հինգ օրերի ընթացքում Իրան-Թուրքիա սահմանում մօտկից հետապնդել է աղէտեալներին օգնութիւն ցուցաբերելու բոլոր աշխատանքներն ու կատարել անհրաժեշտ համադրութիւնները՝ իր ցաւակցութիւնները յայտնելով՝ գնահատեց իրանահայ երեք թեմերի ազգային իշխանութեանց եւ երկրի պատասխանատու կառոյցների միասնական, հոգատար եւ հետեւողական աշխատանքը: Նմանօրինակ աղէտալի դէպքերը նւազագոյնի իջեցնելու եւ կանխելու ուղղութեամբ՝ պրն. Բեգլարեանը երկրի զբօսաշրջիկութեան բնագաւառին առնչւող կառոյցներին կոչ ուղղեց միջոցներ ձեռնարկել՝ առաւել անվտանգ եւ երաշխաւորւած ուղեւորութիւններ կազմակերպելու համար:
Յանուն Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան, ժողովականութեան եւ ժողովրդի ինչպէս նաեւ Ատրպատականի հայոց թեմակալ առաջնորդի, ազգային իշխանութեանց եւ ժողովրդի պատգամը փոխանցելով՝ ցաւակցական խօսք արտայայտեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, որն անդրադարձաւ դէպի Արեւմտեան Հայաստան մեր պապենական հողերը ուխտի գնացած հայորդիների հաւատքին ու համոզմանը:
Թեմիս առաջնորդը խոր կսկիծով ցաւակցութիւն յայտնեց եւ նշեց. «Հաւատում եմ, որ մեր ննջեցեալները հաւատացին եւ մեռան. Քրիստոսի եւ Աստծու հետ իրենց կեանքն ապրեցին, այդ հաւատքով ու ներշնչումով գնացին Վանն ու Կարսը եւ Անին տեսնելու եւ իրենց աչքերով վկայելու, որ դրանք մեր հողերն են, մեր սրբութիւններն են, մեր յուշակոթողներն են: Նրանք հաւատում էին մեր Տիրոջ այն խօսքին, որ «Ես յարութիւնն եմ: Նրանք՝ ովքեր հաւատում են Ինձ, չեն մեռնելու եւ յաւիտենական կեանքում անմահ են մնալու»: Նրանց երազը չի մեռնելու, նրանց ոգին շարունակւելու է մեր կեանքում, մեր յուշերում»: Սրբազան Հայրը համոզում յայտնեց, որ իրանահայութեան համար այս համընդհանուր սուգի մէջ մեր ժողովուրդը քրիստոնէական հաւատքով յարութիւն է առնում՝ միմեանց զօրակցելով ու գօտեպնդելով եւ շարունակելու է գոյատեւել ու ծաղկել: Նա իր շնորհակալական խօսքն ուղղեց՝ իրանահայ բոլոր թեմերին, երկրի պատասխանատուներին, յատկապէս՝ իրանահայ երկու պատգամաւորներին, Ատրպատականի թեմի առաջնորդին ու ազգային իշխանութեանց, որոնք ամէն ջանք ի գործ դրեցին՝ անմիջական օգնութիւն ցուցաբերելու աղէտեալներին:
Ապա սգակից հայորդիները ուղեւորւեցին Նոր Ջուղայի գերեզմանատուն՝ այնտեղ իրենց վերջին հրաժեշտը տալու իրենց սիրելիներին:
Գերեզմանատան մայր ճանապարհին կրկին հաւաքական կարճ արարողութիւն կատարւեց առաջնորդ Սրբազան Հայրերի նախագահութեամբ, ապա զոհւածների հարազատները նրանց դիերը տեղափոխեցին շիրիմների մօտ, ուր քահանայ հայրերի աղօթքով հողին յանձնւեցին նրանց մարմինները: Այստեղ՝ գերեզմանատանն էլ տիրում էր աննախադէպ իրավիճակ. ամէն կողմ խունկ էր ու սգոյ ողբ...
Մինչեւ կ. յ. ժամը 2.30-ը երկարող յուղարկաւորութեան արարողութեանը յաջորդեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում եւ սրահում ցաւակցութիւնների ընդունելութիւն: Եւ այս բոլոր արարողութեանց ընթացքում բոլորը մէկ ընտանիք լինելու վեհ զգացումով փորձում էին մխիթարել եւ մեղմացնել միմեանց ցաւն ու կսկիծը՝ իմանալով հանդերձ, որ դա այնքան էլ հնարաւոր չէ: Բարձրեալն Աստծուց ամնեղ զոհերի հոգիների համար հայցենք երկնային խաղաղութիւն, իսկ մեզ՝ մնացորդացիս համար՝ Սուրբ Հոգու մխիթարութիւն եւ համբերութիւն:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:
ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ
No comments:
Post a Comment