«Ալիք»
28 Սեպտեմբեր 2008
Թւականիս սեպտեմբերի 8-ը ծառայութեան մեր ժամանակաշրջանի սեւ օրերի շարքն անցաւ...
Հայոց պատմական երկրից դէպի տուն վերադարձող ուխտաւորներին պատահած արկածի գոյժը շշմեցուցիչ էր եւ ցնցեց ողջ իրանահայ ընտանիքին:Մարդկային սահմանափակ բառապաշարն անզօր է՝ արտացոլելու մեր հոգեկան կսկիծն ու տառապանքը, իսկ հասարակ մահկանացուներիս կարողութիւններից վեր է՝ շտկելու կատարւած մարդկային անպատասխանատու հասկացութեան սխալը եւ սարսափելի արդիւնքներ արձանագրւած անհոգութիւնն ու ագահութիւնը...
Սրտի անհուն թախիծով ցաւակցում ենք բոլոր զոհւածների ընտանիքներին եւ առ Բարձրեալն Աստւած շուտափոյթ ապաքինում աղերսում վիրաւորների ֆիզիկական վէրքերի համար: Իսկ վստահ ենք, որ համայնքիս հոգեկան վէրքերի սպիացումը դեռ երկար ժամանակ եւ ծով համբերութեան է կարօտ...Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական այրերի ու համայնքիս ազգային համակարգի հետ միասին՝ կատարեցինք այն բոլորը, ինչ մարդկային սահմանափակ մտքի ու հնարաւորութիւնների սահմաններում է տեղաւորւում:
Երանի մեզ հնարաւոր դառնար ժամանակի դաժան սլաքները յետ շրջել եւ սրբագրել կատարւած մարդկային 100-տոկոսանոց այս սխալը, սակայն դա անկարելի է անզօր մահկանացուներիս կեանքում...
Մեզ մնում է միայն Սուրբ Հոգով մխիթարւել ու մէկս միւսի ներկայութեամբ ուժեղանալ: Թէեւ վշտակիրներինն է իրական թախիծը, սակայն այդ սիրելիներից ոչ մէկը թող իրեն մենակ չզգայ, քանզի ցաւը բոլորինս է...
Պատմական ու ազգային յուշեր նւիրագործելու հեռանկարով մեկնեցին, բայց եւ իրենք յուշ դարձան՝ վեհ Մասիսի հայրական թախծոտ ներկայութեամբ ու նա վշտի շղարշով շրջափակւած իր որդիների կորուստը սգաց իր յաւերժական բարձունքից...
Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ՝
ԳԷՈՐԳ ՎԱՐԴԱՆ ԵՒ
ՌՈԲԵՐՏ ԲԵԳԼԱՐԵԱՆ
No comments:
Post a Comment