Sunday, October 19, 2008

Կարօտի զոհերի յիշատակին Միսաք Բաբայեան (Մահւան 40-օրեակի առթիւ

«Ալիք»
18 Հոկտեմբեր 2008


Միսաք Բաբայեանը ծնւել էր 1917 թ.՝ Իրանի Արեւելեան Ատրպատական նահանգի Մարաղա քաղաքում: Փոքր տարիքում ընտանեօք տեղափոխւում են Թաւրիզ ու կրթութեան կողքին՝ իր մասնակցութիւնն է բերում Հայ մարզա-մշակութային միութեան, որը ապագայում դարձաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղը:
Նա ամուսնանալով օր. Լոլայի հետ՝ բախտաւորւում է երկու դուստր եւ երկու տղայ զաւակներով:
Երիտասարդ տարիքում աշխատանքի է անցնում Վան քաղաքից Թաւրիզում հաստատւած արծաթագործ եւ փորագրիչ Հայկ Կարապետեանի եւ այլ յայտնի դէմքերի արհեստանոցներում ու կարճ ժամանակաշրջանում տիրապետում արծաթի գործին եւ արհեստին ու հիմնում «Էըթեբար» անւամբ արծաթի աշխատավայրը՝ իր մօտ ունենալով ու սովորեցնելով հայ երիտասարդներին, որոնցից իւրաքանչիւրը ապագայում այդ ասպարէզում դարձաւ յայտնի վարպետ:
Միսաք Բաբայեանի գործերը ցուցադրւեցին տարբեր յայտնի ցուցահանդէսներում եւ գնահատանքի արժանացան պետութեան ու նամանաւանդ Ձեռարւեստի հիմնարկութեան պատասխանատուների կողմից:
Սիրելի Միսաքը շատ շուտ կորցրեց իր կեանքի ընկերոջը, որի բոլոր լաւ եւ բարի կողմերի մասին միշտ կարտայատւէր, սակայն որպէս հայր՝ որեւէ ջանք չխնայեց իր զաւակների ու յատկապէս թոռնիկների հայեցի դաստիարակութեան եւ նրանց համար կեանքի բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղութեամբ:Նա իր ընկերների մօտ ճանաչւած էր որպէս ժպտադէմ եւ բարի մի անձնաւորութիւն:
Սիրելի Միսաքն անդամակցեց կեանքի կոչւած տարբեր յանձնախմբերի եւ մարմինների, քանի որ իր մէջ միշտ արթուն էր հայրենասիրական ոգին: Գաղափարական էր՝ բառի բուն իմաստով. նրա յուշատետրում կը հանդիպէինք մեր ֆիդայիների նկարներով եւ պատմականով զարդարւած էջերին եւ երբեմն էլ իր ընտանիքին կապւող ու հայրենասիրական բանաստեղծութիւններին: Հոգով կապւած էր «Ալիք» օրաթերթին եւ միշտ հետեւում էր հայկական լուրերին ու թերթում տպագրւող յօդւածներին:
Գրիչը անկարող է գրել իր գաղափարական այն զգացմունքների եւ գործերի մասին, որոնք կատարեց մինչեւ իր մահւան օրը: Կարծես թէ իր զաւակները եւ թոռնիկներն էին Արցախի պատանի եւ երիտասարդ երեխաները, որոնց հաւաքելով իր շուրջ՝ նկարւում էր Շուշիում:
Նա իր նիւթական եւ բարոյական կարելին չխնայեց հայանպաստ տարբեր ձեռնարկներից:
Կարծես թէ իր հայրենասիրական շունչը եւ Արեւմտահայաստանի Վան քաղաքի իր վարպետների փոխանցած պատմութիւնը իրեն հրահրեցին, որ այցելի Վան՝ մօտկից տեսնելու Վանայ լիճը, Աղթամարի վանքը եւ այլն, բայց ափսոս որ վերադարձին մեր միւս հայրենակիցների հետ զոհ գնաց արկածի հետեւանքով եւ մեծ ցաւ պատճառեց իրանահայութեան:Այս առիթով ցաւակցութիւն եմ յայտնում զոհւածների ընտանիքներին եւ բոլոր հարազատներին ու համբերութիւն ցանկանում իրենց:
Հողը թող թեթեւ լինի վրադ, սիրելի Միսաք:

ՄԻ ԸՆԿԵՐ

http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6885

No comments: