Sunday, October 19, 2008

Յիշատակագիր՝ 2008 թ.-ի սեպտ. 8-ին հանրակառքի վթարի հետեւանքով Արեւմտահայաստանում զոհւած մեր 16 հայրենակիցների քառասնօրեակի առթիւ

Տնից էին գալիս, Տուն չհասան

«Ալիք»
18 Հոկտեմբեր 2008


Եթէ մտաւորական ես, չես կարող չկիսել սուգն ու վիշտը քո ժողովրդի:

Երբ աւտոբուսը սահմանը կտրեց,
Սրտերը կրծքերի տակ ուղեւորների,
Ճմլւեց, կծկւեց, թփրտաց եւ սաստիկ բաբախել սկսեց.
-Քաղաքը կա՛յ:
Թաղը կա՞յ,
Փողոցը կա՞յ,
Տունը կա՞յ,
Տատը կա՞յ,
Պապը կա՞յ,…
Աւտոբուսը թռաւ,
Շրջեց պապերի երկիրն ու
Պապերի քաղաքն հասաւ...
Ոտքերը բոլորի դողում էին,
Երբ իջան...
Ախր,
սիրտդ այսպէս տակն ու վրայ
ո՞նց ոտք դնես
պապերիդ աճիւնների վրայ...

Երբ քաղաք հասան,
գիշեր էր, լուռ, մթամած
Ո՛չ,
պապը չէ՛ր եկել
թոռանն ընդյառաջ...
Ու
Մթութեան մէջ համատարած
Ամէն մարդ
Հասցէն ձեռքին
Փնտրելու գնաց
Պապենական տունն
անմոռաց...

Լիճն էլ խրտնել էր
Ասպետին կորցրած
նժոյգի նման...
ծեծում էր ափերն
Ու հեռւից բերում
Թամարի վառած ջահի բոցերը,
Ու կանչերը խուլ.
-Ի՞նչ էիք կարծում,
Ես այստեղ եմ դեռ,
ձեզ եմ սպասում...
եկէ՜ք...
ա՜յ եկէ՜ք...

Քաղաքը կա՛ր։
Մտել էին։
Թաղն էլ դեռ կար։
Գտել էին,
Փողոցն էլ կա՛ր։
Հատել էին։
Տան համարը
«Նոր տանտէրերը»
ջնջել էին...
Բայց աչքերը փակ
Հասան դռան տակ...

Տատը չկա՛ր։
Պապն էլ չկա՛ր։
Նրանց տարել
մորթել էին...
Եւ աւտոբուսը
դաշտերի հասաւ,
ձորերից անցաւ,
լեռներ բարձրացաւ,
ու յանկարծ
այդ մեծ կսկծից
ասես կայծակնահարւած
շեղւեց,
մոլորւեց,
անդունդ գլորւեց...

Մէկ-մէկ հանեցին
անդունդի խորքից
դիակները այն
Ուխտաւորների,
Որոնք
Տնից էին գալիս,
Տուն էին գնում,
Բայց Տուն չհասան...

Քաղաքը կա՛յ,
Թաղը դեռ կա՛յ,
Փողոցն էլ կա՛յ,
Պապի տունն էլ կա՛յ,
Վերադարձի
հաւատքն էլ դեռ
Շատ Զօրե՛ղ է,
Դեռ կա՛յ...
Դեռ կա՛յ...

ԽԱՉԻԿ ԽԱՉԵՐ
Թեհրան, հոկտեմբերի 2008 թ.

http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6889

No comments: