Friday, November 7, 2008

ՅԻՇԱՏԱԿ - Դոկտ. Արմիկ Աղաջանեան (Էսլամփանահ)(Մահւան 40-օրեակի առիթով)

«Ալիք»
1 Նոյեմբեր 2008

Նա պատկանում էր մի այնպիսի հայ ընտանիքի, որ բազմաթիւ հայ ընտանիքների հետ միասին՝ 1918 թւականին Իրան արշաւած թրքական բանակների միջոցով ենթարկւեցին Խոյի շրջանի հայոց ջարդերին ու թրքական կեղեքումներին եւ այսպիսով՝ Աղաջանեան ընտանիքի հոգում ընդմիշտ դրոշմւեց կոտորածի ահն ու սարսափը, այն տարիների դառն յիշատակները, իսկ նոյն ահաւոր ու եղերական դէպքերի հետեւանքով՝ Աղաջանեան ազգանունը փոփոխութեան ենթարկւեց, դարձաւ Էսլամփանահ: Աղաջանեան ընտանիքը Խոյի այն հայ ընտանիքներից մէկն էր, որ դիմակայելով բազում դժւարութիւնների՝ ոչ մի ճիգ չխնայեց հայօրէն ապրելու համար: Այդ ճիգի շնորհիւ՝ հայկական ոգի ունեցող Աղաջանեան ընտանիքում դաստիարակւեցին օրինակելի հայեր, որոնցից մէկն էր անգամներ օրինակելի բժշկի կոչմանն արժանացած դոկտ. Արմիկ Աղաջանեանը, որը ցաւօք՝ արդէն ոչ եւս է:

Նա ծնւել էր 1948 թւականին՝ Ատրպատականի Խոյ քաղաքում: Իր ընտանիքի հետ փոխադրւել էր Թաւրիզ եւ սովորել Թաւրիզի հայոց ազգ. «Հայկազեան-Թամարեան» դպրոցում: Միջնակարգ ուսումն աւարտելուց յետոյ՝ բարձրագոյն ուսման էր հետեւել Թաւրիզի համալսարանի բժշկական ճիւղում՝ ստանալով դոկտորայի աստիճան եւ իր աւարտաճառը պաշտպանել գերազանց նիշով՝ նիւթ ունենալով «Ստաֆիլոկոկային վարակիչ հիւանդութիւններ»-ը:

Բժշկական համալսարանն աւարտելուց յետոյ՝ երկու տարի զինւորական ծառայութեան շրջան էր անցկացրել՝ ծառայելով բանակի առողջապահական միաւորում:
Զինւորական ծառայութեան շրջանն աւարտելուց յետոյ՝ գործակցել էր «Առողջապահական-բուժում եւ բուժարան» հաստատութեան հետ՝ ստանձնելով «Ընտանիք, մայր եւ մանուկ» հիմնարկի պատասխանատուի պաշտօնը, իսկ միեւնոյն ժամանակ ուսուցանել նաեւ Թաւրիզի Պետական համալսարանի բժշկական, բուժքոյրական, ծննդաբերութեան, դեղագործութեան, սննդառութեան եւ միջավայրի առողջապահութեան բաժանմունքներում՝ կատարելով նաեւ այդ բաժանմունքներում սովորող ուսանողների կրթական պատասխանատուի պարտականութիւնը:
Դոկտ. Արմիկ Աղաջանեանը մասնակցել էր բազմաթիւ սեմինարների եւ կատարելագործման ու մասնագիտական դասընթացների: Նրան են պատկանում մի շարք յօդւածներ, որոնք առնչւում են մասնաւորաբար մանուկների սննդառութեանն ու ոսկրախտին:
Եօթ տարի, որպէս Թաւրիզի Բժշկական համալսարանի ներկայացուցիչ, աշխատել էր շինարարական գործերի բաժնում, որի ընթացքում մասնակից էր եղել Թաւրիզի 50 դարմանատների շինարարական աշխատանքներին՝ որպէս պատասխանատու:
Վերոյիշեալ դարմանատներից կարելի է յիշատակել «Շահիդ Թէյմուրի» առողջապահական կենտրոնը, որտեղ դոկտ. Արմիկ Աղաջանեանը տարիներ շարունակ աշխատել էր որպէս աշակերտութեան բժշկական քննութիւնների բաժնի պատասխանատու:
2003 թ.-ին, 30-ամեայ բժշկական գործունէութեամբ, հանգստի էր կոչւել՝ ունենալով բազմաթիւ յօդւածներ եւ գնահատագրեր:
Դոկտ. Արմիկ Աղաջանեանը մինչեւ իր դառնաղէտ մահը՝ իր կապը պահպանում էր Թաւրիզի բժշկական կենտրոնների հետ եւ աշխատում էր իր մասնաւոր կաբինետում:
Նա անդամակցում էր Իրանի Բժիշկների եւ Իրանի Հայ բժշկական միութիւններին, Թաւրիզի ՀՕՄ-ին եւ Թաւրիզի Հայ համալսարանականների միութեանը:
Դոկտ. Արմիկ Աղաջանեանը իր մահկանացուն կնքեց թւականիս սեպտ. 8-ին, «Գառնի թուր» զբօսաշրջութեան ընկերութեան միջոցով դէպի Արեւմտեան Հայաստան կազմակերպւած թուրի հետ, դէպի Իրան վերադարձին, Թուրքիայում պատահած աւտովթարի ժամանակ:
Հանգուցեալ դոկտ. Արմիկ Աղաջանեանը օժտւած էր մարդկային բարձր յատկանիշերով: Չափազանց բարի էր, համեստ, ազնիւ, սիրալիր, հոգատար, հայրենասէր, մարդասէր... դժւար թէ կարելի լինի թւել նրա բոլոր յատկանիշերը: Նրա կորուստը չափազանց մեծ էր եւ ահաւոր: Նրա համար սգացին ոչ միայն իր ընտանիքի անդամներն ու հարազատները այլեւ՝ Թաւրիզի հայ համայնքը եւ դրա հետ ու դրա կողքին Թաւրիզի ամբողջ բժշկական ընտանիքը: Դրա վառ ապացոյցը այն սգակիր բազմութիւնն էր, որ արտասւալից աչքերով եկաւ եւ իր վերջին հրաժեշտը տւեց իր սիրեցեալ դոկտ. Մարիամին (այդպէս էին կոչում նրան) եւ ծաղկով պատեց նրա թարմ շիրիմը: Վստահաբար նրա յուղարկաւորութեանը մասնակցած իւրաքանչիւր անձ վերյիշում էր նրա բարի դէմքը, հոգատար վերաբերմունքը, երբ նա կամ շրջապատից որեւէ անձնաւորութիւն նրա բժշկական օգնութեան կարիքն է ունեցել եւ դոկտ. Արմիկը մինչեւ նրա լիակատար ապաքինումը՝ հոգ է տարել նրան, եթէ մինչեւ անգամ հիւանդ անձը եղել է ուրիշ բժշկի քննութեան ներքոյ կամ որեւէ հիւանդանոցում էր անցկացնում իր հիւանդութեան ընթացքը:

Թէեւ դոկտ. Արմիկ Աղաջանեանը բնակւում էր Թաւրիզում, սակայն անսահման կարօտով նա յաճախ էր այցելում Խոյ՝ իր ծննդավայրը: Ամէն տարի Ապրիլ 24-ին նախորդող օրերին նա գնում էր Խոյ եւ այնտեղի եկեղեցում մոմեր վառում ու աղօթում էր այն բոլոր նահատակ հայերի հոգու համար, որ 1918 թ.-ին Խոյի շրջանում ենթարկւեցին թրքական բանակի խոշտանգումներին ու կորցրեցին իրենց կեանքը:

Հանգուցեալ դոկտ. Արմիկ Աղաջանեանը երբ այցելում էր Թաւրիզի հայոց գերեզմանատուն անպայմանօրէն խնկարկում էր նաեւ Մելիք-Թանգեան Սրբազանի գերեզմանը, ապա Տ. Բագրատ Մելքոնեանի, Տ. Պօղոս վարդապետի (վերապրած 1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնից), տիրամայր Արշալոյս Թոփուզեանի գերեզմանները, յետոյ յատուկ յարգանքով ու երկիւղածութեամբ մօտենում էր 1918 թ.-ի Խոյի նահատակների յուշարձանին եւ խնկարկում էր նրանց անմոռաց յիշատակին:
Չափազանց հայրենասէր դոկտ. Արմիկը երկու անգամ ճամբորդել էր Հայաստան: Նա գնացել էր բուռն եռանդով եւ վերադարձել խոր տպաւորութիւններով եւ մեծ խանդավառութեամբ, իսկ Արեւմտեան Հայաստանը տեսնելը նրա մեծ երազանքն էր:
Վերջերս զբաղւում էր Շահէն Յովսէփեանի «Մշակութային եղեռն» գրքով եւ ցանկանում էր մօտկից տեսնել մեր կորուսեալ հայրենիքի պատմական, սակայն կիսաւեր ու վիրաւոր կոթողները: Գնաց ու տեսաւ, այնտեղ մոմեր վառեց, աղօթեց, խնկարկեց մեր Բիւրաւոր Նահատակաց յիշատակին, բայց, աւա՜ղ....: Ի՞նչ ապրումներ ունեցաւ այնտեղ, ինչե՞ր պիտի պատմէր, բոլորը մնաց նրա բարի հոգում, ոչ մէկս չկարողացանք իմանալ դրանց մասին:
Անսահման հաւատքով ապրած դոկտ. Մարիամը՝ Արմիկ Աղաջանեանը, բաժանւեց մեզանից եւ միացաւ երկնային կեանքին:
Թէեւ նա մեզ հետ չէ եւ մենք ամէն օր ենք զգում նրա բացակայութիւնը, սակայն նրա անթառամ յիշատակը միշտ կապրի բոլորի հոգում եւ սրտում:
ՆԱՅԻՐԻ ԴԻԼԱՆԵԱՆ
(ԹԱՒՐԻԶ)