Wednesday, October 22, 2008

ԹԱՒՐԻԶ - Թաւրիզի զոհերի 40-օրեակի առիթով հոգեհանգստեան արարողութիւն

«Ալիք»
22 Հոկտեմբեր 2008

Թւականիս 16 հոկտեմբերին, կէսօրից յետոյ ժամը 4-ին, բազմամարդ էր Թաւրիզի հայոց գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցին եւ եկեղեցու շրջափակը: Հակառակ տեղացող յորդ անձրեւին՝ գերեզմանատուն դիմած բազմութիւնը սրտի խոր կսկիծով եկել էր մասնակցելու արդէն 40 օրեր առաջ «Գառնի թուր» զբօսաշրջութեան ընկերութեան միջոցով դէպի Արեւմտեան Հայաստան կազմակերպւած թուրին մասնակցած ու դէպի Իրան վերադարձին Թուրքիայում աւտովթարի հետեւանքով իրենց կեանքը կորցրածներ՝ դոկտ. Արմիկ Աղաջանեանի, Ռոզիկ Բարոյեանի եւ Գայիանէ Մելիքեանի մահւան քառասնօրեակի համար տեղի ունեցող հոգեհանգստեան արարողութեանը, որը կատարեց Ուրմիոյ հոգեւոր հովիւ Տ. Անանիա աբղ. Գուճանեանը: Հոգեհանգստեան արարողութեանը մասնակցում էր Թաւրիզի ծխատէր քահանայ Տ. Ներսէս Պասիլեանը:
Ս. Շողակաթ եկեղեցում կատարւող հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ Հայր Սուրբի ու Տէր Հօր գլխաւորութեամբ, հանգուցեալների ընտանիքների անդամներին ու հարազատներին միանալով՝ գերեզմանատուն եկած բազմութիւնը ուղեւորւեց դէպի հանգուցեալների շիրիմները, որոնց վրայ տեղադրւեցին մեծ թւով ծաղկեպսակներ ու ծաղկեփնջեր, իսկ բոլորը խնկարկելով այդ հանգուցեալների գերեզմանները՝ համախմբւեցին գերեզմանատան սրահում, ուր հանգուցեալների ընտանիքների անունից Կարէն Սարգսեանը շնորհակալական խօսք ուղղեց այդ հոգեհանգստեան արարողութեանը մասնակցածներին: Նա մասնաւոր շնորհակալական խօսք ուղղեց նաեւ բոլոր այն մուսուլման ներկաներին, որոնք եւս իրենց հերթին եկել էին վշտակցելու հանգուցեալների հարազատներին:
Հայոց գերեզմանատան սրահում Տ. Անանիա աբղ. Գուճանեանը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Նշան եպս. Թոփուզեանի վշտակցութիւնն ու ցաւակցական խօսքը փոխանցեց հանգուցեալների հարազատներին:
Հայր Սուրբը իր խօսքում անդրադարձաւ հանգուցեալներին՝ որպէս բարութեան, համեստութեան եւ ազնւութեան մարմնացումների, որոնց յիշատակը շա՜տ երկար կապրի բոլորի հոգիներում ու սրտերում եւ աղօթեց առ Ամենաբարին Աստւած, որ հանգուցեալների հոգին հանգչեցնի երկնային խաղաղ օթեւաններում, որից յետոյ հոգեհանգստեան արարողութեան մասնակցածները վշտակցութեան ու ցաւակցական խօսքեր ուղղելով հանգուցեալների հարազատներին՝ թողեցին սրահը:
ԹՂԹԱԿԻՑ (Թաւրիզ)

Անվերադարձ ուխտաւորներ

«Ալիք»
21 Հոկտեմբեր 2008
Մնացորդներն այնպէս էլ տրամադրութիւն չունեցան մեր պապենական սուրբ հողի վրայ իրենց վայելած երջանիկ պահերի յուշերն ու ոգեւորւածութիւնը կիսել իրենց հարազատների հետ, փոխարէնը՝ արցունքն աչքերին եւ հեկեկանքը կոկորդներին՝ այնքա՜ն ցաւալի եւ կսկծալի գոյժի սուրհանդակները եղան... Նրանք մեկնեցին որպէս ուրախ, բարձր տրամադրութեամբ ուխտաւորների մի ամբողջութիւն, սակայն դառն աղէտը եւ չարակամ պատահարը նրանց կիսեց եւ տարանջատեց վերադարձի ճանապարհին։
Դժւար է հաշտւել այն մտքի հետ, թէ ուրախ եւ կենդանի բացագանչութիւններով լցւած հանրակառքը, մի ակնթարթում, մի ինչ-որ անուշադրութեան պատճառով, իր հետ դէպի մահւան մութ անդունդն առաջնորդէր բաւարարւածութեան եւ յագեցւած կարօտի մարմնացումները։
Հնարաւոր լինի հաշտւելը կամ ոչ՝ սա անխուսափելի իրականութիւն է՝ քառասուն օրւայ անցեալ ունեցող։ Քառասուն ծանր օրեր, որոնց ընթացքում ասես ժպտալն իսկ դժւարութեան է հանդիպում։ Քառասուն օր Նոր Ջուղան սուգի եւ տխրութեան ամպեր է կուտակել իր երկնքում, փորձում է մխիթարւել եւ մխիթարել։ Ծանր է, անշուշտ, կացութիւնը. չէ՞ որ իր սիրասուն զաւակներից ութ հոգի այլեւս իր հետ չեն, եւ այն էլ այնպիսի զաւակներ, որ իր հայապահպանման գործողութեանց անդաստանի մէջ իրենց ամենաթանկ լումաներն են ներդրել։
Մենք մեզ սիրտ ենք տալիս՝ ասելով, որ անժամանակ եւ անակնկալ տերեւաթափի պէս մեր համայնքի դարաւոր բունից եւ ճիւղերից անջատւած մասնիկների հոգիները ապրում եւ շարունակելու են ապրել մեր սրտերում եւ մտքերում։ Այո՛, այդպէս է. նրանք թէեւ Նոր Ջուղայի պատմութեան մէջ տպաւորւել են սգաւոր-սեւ էջի վրայ, սակայն իրենց թողած լուսաւոր եւ վառ յիշատակը բոլորիս զգացնել է տալիս, թէ մեր հոգում պէտք է շողարձակի նրանց գաղափարականն ու հաւատքը, նրանց երազանքն ու տեսլականը, նրանց յոյսն ու ջերմեռանդութիւնը։ Նրանք ուսուցիչներ էին, հաւատացեալներ, արւեստի նւիրեալներ, ընտանիքի սիւներ, որոնք սերունդներին փոխանցել են հաւատք, հայրենասիրութիւն, եկեղեցասիրութիւն, հայեցի շունչ եւ իրե՛նք իսկ եղել են կենդանի օրինակներ։ Նրանք ուխտի գնացին՝ մեր դարաւոր վանքերի կիսաւեր շէնքերից դեռեւս հոգու ականջով լսւող հաւատք սփռող զանգերի ղօղանջներն ունկնդրելու, մեր բռնագրաււած, սակայն ազատութեան կանչը մշտապէս արձագանգող լեռներին ու դաշտերին փարւելու եւ իրենց հետ հայրենի բոյրը բերելու մեզ՝ կարօտեալներիս։
Հայրենական ուխտատեղիներում բարձրացրած նրանց աղօթքին խառնենք մեր աղօթքը եւս՝ մաղթելով որ Բարձրեալն Աստւած նրանց հոգիները արդարների շարքը դասի եւ բնակեցնի Իր արքայութեան մէջ։
Խունկ ու աղօթք՝ նրանց յիշատակին։
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ