Friday, October 24, 2008

ՅԻՇԱՏԱԿ - Սիրելի Հիլդա Քեշիշեան - Շիրւանեանի անմոռաց յիշատակին

«Ալիք»
22 Հոկտեմբեր 2008

Մահւանդ բօթն ահաւոր էր, անհաւատալի... անընդունելի՛։ Չե՛նք հաւատում ու չե՛նք ընդունում մինչ այսօր, երբ արդէն քառասուն օր է անշնչացած մարմինդ հանգչում է հողի տակ, մեր թանկագին, մեր սիրելի ընկեր Հիլդա:

Ընտանիքդ, հարազատներդ, գաղափարակից ընկերներդ, դպրոցդ ու աշակերտներդ չեն ընտելանում քո՛ բացակայութեան հետ, քանզի դու եղել ես ամենուր ներկան՝ ճշտապահը, պարտաճանաչը, յանձնառուն, որպէս ընտանիքի հոգատար մայր, ամուսին ու քոյր, որպէս հաւատաւոր գաղափարական, որպէս նւիրեալ ուսուցչուհի։

Դեռ պատանեկան տարիքից միանալով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարական մեծ ընտանիքին՝ դու գծեցիր կեանքիդ հիմնական ուղին՝ ուղենիշ դարձնելով հայ ժողովրդին ու հայրենիքին ծառայելը եւ այդ հաւատքով ու համոզումով՝ առանց տարբերութիւն դնելու մեծ ու փոքր գործերի մէջ, համեստօրէն աշխատեցիր տարբեր բնագաւառներում։

Արեւմտեան Հայաստան ուխտագնացութիւնը քեզ համար հաւատքի ու գաղափարի ուխտ էր, որին միացար հոգեկան մեծ բերկրանքով՝ ըմբոշխնելու մեր սրբազան ու բռնագրաւեալ հայրենիքի օդն ու ջուրը, փարւելու այն հողին, որի լեռներում ու կածաններում ամէն քայլի վրայ մեր ժողովրդի ֆիդայիներն ու նւիրեալները, կենաց մահու կռիւ էին մղել՝ նրա ազատութեան համար։ Ուխտի մեկնեցիր՝ ունկնդրելու Վանայ լճի յուզախառն ալիքների ու Վարագայ վանքի արծիւների կարօտի ու պահանջի պատգամը եւ դրանց թարգմանը հանդիսանալու մեզ՝ ամուսնուդ ու զաւակներիդ, ընկերներիդ ու աշակերտներիդ՝ առաւել նւիրւելու եւ անմնացորդ ծառայելու հայ ժողովրդին ու Հայ Դատին։ Ցաւալի ու անհեթեթ պատահարն ընդհատեց քո կեանքն ու դրա հետ այն, ինչը, որ պիտի պատգամէիր ու պատմէիր մեզ՝ քո անմիջականութեամբ ու եռանդով՝ շուրջ բոլորդ համակելով այն ապրումներով, որոնցով ապրեցիր դու։

Սակայն, հաւատա՛ ընկեր, պատգամդ լսելի է մեզ ու չարաբաստիկ մահը չի կարող խախտել մեր հոգեկան միասնութիւնը։ Ֆիզիկական բացդ ամենուր զգացւելու է, սակայն քո ոգեղէն ներկայութիւնը առաւել քան երբեւէ՝ ընկերակից է դառնալու բոլորիս, մեր սիրելի ընկեր Հիլդա։

ՇՐՋԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐ
(Նոր Ջուղա)