Sunday, October 19, 2008

Կարօտի զոհերի յիշատակին Թովմաս Մովսիսեան եւ Ֆարանգ Շահբազեան (Մահւան 40-օրեակի առթիւ)

«Ալիք»
18 Հոկտեմբեր 2008



Թովմաս Մովսիսեան

Թովմաս Մովսիսեանը (Մովսէս Մողադդամ) ծնւել էր Բուրւարի գաւառի Ֆարաջաբադ գիւղում՝ 1935 թւականին:

Մանկութիւնը ընտանեկան հարազատ օջախում անցկացնելով՝ մեկնում է Թեհրան եւ զբաղւում աշխատանքով: 20 տարեկան հասակում մեկնում է Քուվէյթ՝ որպէս մեխանիկ: 5 տարի Քուվէյթում մնալուց յետոյ՝ վերադառնում է գիւղ եւ ամուսնանում իր ապագայ կնոջ՝ Ֆարանգ Շահբազիի հետ:

Թովմաս Մովսիսեանը ունի չորս զաւակ՝ երեք տղայ եւ մէկ աղջիկ՝ Ալբերտ, Ռոբերտ, Նորա եւ Էդւարդ անուններով: Քուվէյթից վերադառնալով՝ երկու տարի աշխատել է Խուզեստան նահանգում՝ լինելով Աբադան, Խոռամշահր, Բանդար Շահփուր եւ այլ քաղաքներում:

Նա Իրան-Իրաք պատերազմի ընթացքում 7 տարի տարին մէկ անգամ մեկնում էր ճակատ՝ իր բեռնատար ինքնաշարժով մթերք փոխադրելով ռազմաճակատ:

Թովմասը 40 տարի եղել է փորձառու մեքենավար եւ այս տարիների ընթացքում երբեք չի ունեցել որեւէ աւտովթար: Նա իր բեռնատար ինքնաշարժով կտրել-անցել է սարեր ու ձորեր:

Թովմասը լաւապէս խօսում էր ռուսերէն, վրացերէն ու արաբերէն լեզուներով եւ երբ Հայաստան էր ճամբորդում, սիրում էր ռուսերէն խօսել սահմանապահ զինւորների հետ:

Թովմասը երկու տարի իր որդու՝ Ալբերտի հետ դէպի Հայաստան եւ Արցախ բեռնափոխադրման աշխատանքով էր զբաղւած. հայրենասիրական վառ ոգին նրանց գրաւում ու քաշում էր դէպի Հայոց աշխարհը:

Թովմասը օժտւած լինելով մարդկային եւ հայրենասիրական բարձր գիտակցութեամբ եւ ոգով՝ անմասն չմնաց թէ՛ Հայաստանի երկրաշարժի, եւ թէ՛ Արցախի պատերազմի օրերում իր նիւթական եւ բարոյական դերակատարութիւնից՝ մասնակցութիւն բերելով յատկապէս Սպիտակի ու նաեւ Արցախի ժողովրդի օժանդակութեան:

Նա խօսք ուղղելով իր հարազատներին՝ միշտ ասում էր. «Հերոսը առանց մուրազի չի մնայ, քաջը՝ առանց նպատակի»:

Թովմասը միշտ պարծենում էր իր խոնարհ կին Ֆարանգով եւ ասում. «Այս բոլորը չէի կարող իրականացնել, եթէ իմ մէջքին չլինէր իմ կինը»:

Թովմասը միշտ համոզւած էր, որ պէտք է ապրել հայրենիքի կողքին եւ նրա հոգսերով. դէմ էր հեռանալ իր երկրորդ հայրենիքը համարւող Իրանից, քանի որ Իրանը թէ՛ ուղղակի հարեւան է Հայաստանի, եւ թէ՛ Թուրքիայի հետ, ուր ապրում են հայ ժողովրդի 1.5 միլիոն անթաղ նահատակների հոգիները:

Այդ իսկ պատճառով՝ նա ամռանը Հայաստան եւ Արցախ ճամբորդութիւնից վերադառնալով՝ երբ տեղեկացաւ, թէ Արեւմտահայաստան ուխտագնացութեան նման մի այցելութիւն է կազմակերպւում, շտապեց ինքը եւս մասնակից լինել այդ ճամբորդութեանը:

Սիրելի Թովմաս, դու հասար քո նպատակին: Յաջողեցիր տեսնել Վանն ու Անին, Կարսն ու Բայազետը, մկրտւեցիր Վանայ լճի կապուտակ ջրում եւ Արարատ լեռան փէշերին աւանդեցիր քո հոգին՝ նայւածքդ ուղղելով դէպի յաւերժական Արարատը՝ լինելով քո այնքան սիրած հայ ժողովրդի նահատակների կողքին...

ԱԼԲԵՐՏ

--------------------------------------------

Ֆարանգ Շահբազեան


Ֆարանգ Շահբազեանը (Շահբազի) ծնւել էր 1940 թ.-ին՝ Բուրւարի գաւառի Խորզանդ գիւղում, հայեցի ոգով եւ ազնիւ մի ընտանիքում՝ Ալմասի եւ Թելլուի 3-րդ զաւակը:

Նա իր մանկութիւնը անց է կացնում գիւղում՝ անհոգ եւ ուրախ, ու միշտ օգնում իր ծնողներին: 20 տարեկան հասակում ամուսնանում է Թովմաս Մովսիսեանի հետ եւ բախտաւորւում երեք տղայ եւ մէկ աղջիկ զաւակներով:

Ֆարանգը անդամակցել է «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան եւ իր մասնակցութիւնն է բերել այդ միութեան տարբեր աշխատանքներին:

Նա եղել է շատ բարի ու հոգատար մայր եւ անսահման զոհաբերող՝ իր զաւակների նկատմամբ:

«.... Եկէք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լւացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
Ա՛յս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պէսԽա՜ս ձեռքերը...»:

ՆՈՐԱ

http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=6888

No comments: