Friday, October 17, 2008

«Կարօտի զոհեր...»-ին

«Ալիք»
14 Հոկտեմբեր 2008
Վշտակցելով 2008 թւականի սեպտեմբերի 8-ին Արեւմտահայաստանում հանրակառքի արկածի զոհ գնացած՝ թեհրանաբնակ, թաւրիզաբնակ եւ նորջուղայաբնակ հայերի ընտանիքներին եւ իրենց հարազատներին՝ մաղթում եմ նրանց համբերութիւն ու երկնային մխիթարութիւն եւ խաղաղութիւն՝ զոհւածների ազգային հաւատքով լի հոգիներին... Նաեւ՝ նորջուղայեցի Հիլդա Մարգարեանի յիշատակին, որի հետ մենք բոլորովին անծանօթներ լիենլով՝ ինձ համար ուղարկել էր իր գրչին պատկանող Նոր-Ջուղայի բարբառի եւ սովորութիւնների մասին «Բարով, քա դո՞ր աս...» գեղեցիկ աշխատութիւնը, որը ինձ մօտ կը մնայ, որպէս մի անգին յիշատակ՝ վշտակցելով իր ընտանիքին եւ միշտ իրեն յիշելով՝ որպէս մի նւիրեալ հայուհու...

«Կարօտի զոհեր...»-ին
(Քառասնօրեակի առթիւ)

Այս ի՞նչ չար բախտ ձեզ վիճակւեց,
Մոլորւել եմ խոհերում.
Հայոց հողում շատ էր թափւել
Հայի անարատ արիւնն...

Մեր պատմական Հայաստանին
Դուք գնացիք վեհ ուխտի,
Համբուրելու սուրբ հողն հայոց,
Տեսնել՝ Վանը, Կարսն, Անին...

Տասնեակ դարեր էլ թէ անցնեն՝
Սրբութիւն են մեզ համար.
Սրբութեան ճամբին զոհւեցիք,
Լոյս գայ ձեր հոգուն անմար:

Հաւատքի խոր ապրումներով
Եւ ազգային վեհ տենչով
Նահատակաց դասը անցաք՝
Բախտի անարգ կատակով:

Աւա՜ղ, բօթը անչափ ծանր էր,
Ալեկոծեց մեր հոգին.
Ասես մի նոր «Եղեռն» լինէր,
Որ պատահեց մեր ազգին:

Ձեր կորուստը սուգի մատնեց
Աշխարհասփիւռ հայ ազգին.
Ծանօթ-անծանօթ ողբացին,
Յարգանք ձեր թարմ շիրիմին:

Հանգիստ ձեր յոգնատանջ մարմնին
Եւ հաւատքով լի հոգուն.
Հողը թեթեւ գայ ձեզ վրայ,
Ո՜հ, ազգիս վիշտն է անհուն...

ԷԼՍՕ ԳԱՐԵԱՆ
Հոկտեմբեր 2008 թ., Թեհրան

No comments: