Monday, September 29, 2008

ԻՐԱՆԱՀԱՅ 16 ԶՈՀԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ - Համատեղ հոգեհանգստեան արարողութիւն՝ Լոս Անջելեսում

«Ալիք»
28 Սեպտեմբեր 2008
Արեւմտեան Հայաստանում սեպտեմբերի 8-ին հանրակառքի վթարի զոհ դարձած 16 իրանահայերի յիշատակին Լոս Անջելեսում գործող իրանահայ ինը կազմակերպութիւններ, որոնց թւում՝ Լոս Անջելեսի Իրանահայ միութիւնը, «Նոր Ջուղայի բարեկամներ» յանձնախումբը, Թաւրիզահայերի յանձնախումբը, Ուրմիայի հայրենակցական միութիւնը, Ամերիկահայ մշակոյթի «Փերիա» մշակութային միութիւնը, ինչպէս նաեւ Հ.Մ.Ը.Մ.-ի Գլենդէլի «Արարատ» եւ Բըրբանքի «Սիփան» մասնաճիւղերը, «Դաւթեան- Մարիամեան» կրթական հաստատութիւնը եւ Հայ-ամերիկեան տարեցների միութիւնը, որոնց անդամների մեծամասնութիւնը իրանահայեր են, սեպտմբերի 21-ի առաւօտեան համատեղօրէն կատարեցին հոգեհանգստեան եւ յիշատակութեան յատուկ արարողութիւններ՝ Գլենդէլի Ս. Աստւածածին եկեղեցում։
Յաւարտ ս. պատարագի կատարւած հոգեհանգստեան արարողութեան ժամանակ «Սիփան» մասնաճիւղի սկաուտները հանդիսաւոր կերպով մուտք գործեցին եկեղեցի եւ իրանահայ յիշեալ կազմակերպութիւնների կողմից ծաղկեպսակ տեղադրեցին խորանի առջեւ՝ ի յիշատակ 16 զոհերի։
Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ Ս. Աստւածածին եկեղեցու «Տէր-Պետրոսեան» սրահում տեղի ունեցաւ յիշատակութեան հանդիսութիւն, որին ներկայ գտնւեցին բազմահարիւր սգակիր հայեր, հիմնականում՝ Լոս Անջելեսում հաստատւած իրանահայեր։ Յանուն իրանահայ ինը կազմակերպութիւնների՝ միջոցառման բացումը կատարեց Սարօ Նազարեանը, որը վշտակցութիւն յայտնելով զոհւածների անմիջական ազգականներին ու հարազատներին՝ յիշատակեց, որ զոհւածների Արեւմտեան Հայաստան կատարած այցը վերահաստատումն էր համայն հայութեան այն արտայայտութեան, որ Արեւմտեան Հայաստանը եղել եւ շարունակում է մնալ մեր հայրենիքի անբաժանելի մասնիկը՝ Ազատ, Անկախ ու Միացեալ Հայաստանի տեսլականով։
Իրանահայ զոհերի հոգիների խաղաղութեան համար աղօթք բարձրացրեց Ս. Աստւածածին եկեղեցու հոգեւոր հովիւներից Տ. Կոմիտաս քհնյ. Թորոսեանը, որից յետոյ բեմ հրաւիրւեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի անդամ Յովան Թաշճեանը, որը Կենտր. կոմիտէի եւ շրջանի դաշնակցական մարմինների անունից ցաւակցութիւն յայտնեց 16 իրանահայերի զոհման առթիւ՝ շեշտելով, որ նրանց կորուստը համայն հայութեան ցաւալի կորուստն է, մասնաւորաբար այն իմաստով, որ նրանք զոհւեցին մեր նախնիների բռնագրաւեալ հայրենիքը՝ Արեւմտեան Հայաստան կատարած կարօտի այցի ընթացքում։ Յովան Թաշճեանը անդրադառնալով անցեալ տարի Իրան կատարած իր այցելութեանը, բարձր գնահատեց հայրենասիրական ու ազգային արժէքներով ապրելու եւ գոյապայքարելու իրանահայութեան վճռակամութիւնը։
Ցաւակցական խօսքով հանդէս եկաւ նաեւ Ս. Աստւածածին եկեղեցու հոգաբարձութեան անդամ Ժիրայր Ղարախանեանը՝ առ Աստւած խաղաղութիւն հայցելով զոհւածների հոգիների եւ մխիթարութիւն՝ նրանց անմիջական հարազատներին ու ազգականների համար։
Այնուհետեւ մատուցւեց հոգեսուրճ՝ «Նոր Ջուղայի բարեկամներ» յանձնախմբի կողմից։ Միջոցառումը փակ յայտարարւեց կ. յ. ժամը 2-ին։
ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԼՐԱՀՈՍՔ
Սեպտեմբերի 21, 2008

No comments: