Wednesday, September 10, 2008

Իրանահայ համայնքին ցնցող ողբալի պատահարի հետքերով

«Ալիք»

Սեպտեմբեր 10, 2008
2-օրեայ սուգ իրանահայ երեք թեմերում



Գէորգ Վարդանեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը Թուրքիայում



Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի Թեմական խորհուրդների ներկայացուցիչների անմիջական վերահասութիւնը՝ դէպքի առնչութեամբ



Իրանի Համահայկական խաղերի բացման երկօրեայ յետաձգում



Զոհերի վերջնական թիւը՝ 16 հոգի


Թերթս երէկ արդէն տպագրման էր պատրաստւում, երբ ցաւօք տեղեկացանք, որ Իրանում գործող «Գառնի թուր» ճամբորդական ընկերութեան կազմակերպած Վան-Կարս ուխտագնացութիւնից վերադառնալիս՝ աւտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով՝ զոհւել են 16 հոգի:

Լուրի նախնական տւեալները հէնց երէկ անմիջապէս արտացոլեցինք թերթում:

Այսօր առաւել մանրամասն տեղեկութիւններ փոխանցելով՝ ցաւակցութիւն ենք յայտնում զոհւածների ընտանիքներին, հարազատներին, համբերութիւն եւ մխիթարութիւն հայցելով:

Եւ այսպէս՝ այս առիթով երեք թեմերում երկօրեայ սուգ է յայտարարւած: Առաջիկայ հինգշաբթի երեկոյեան Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում, իսկ ուրբաթ առաւօտեան Թեհրանի եւ Թաւրիզի եկեղեցիներում հոգեհանգստեան արարողութիւն կը կատարւի:

Այս մասին մեզ տեղեկացրեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը:

Այնուհետեւ հեռախօսազրոյց ունեցանք Իսլ. խորհրդարանի պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանի հետ: Նա ասաց, որ Էրզրումում Իրանի հիւպատոսարանի ներկայացուցչութիւնը հետեւում է հարցին: Երէկւայ տւեալներով՝ զբօսաշրջիկների մի մասը, ովքեր չէին վնասւել, տեղաւորւած էին Բայազետի «Էրթուր» հիւրանոցում, եւ հէնց Իրանի դեսպանութեան հրահանգով: Իսկ վիրաւորները, նկատի ունենալով նրանց վնասւածքի մակարդակը, բաժանւել էին հինգ քաղաքների հիւանդանոցներում:

Պրն. Վարդանեանը երէկ նշեց նաեւ, որ 16 զոհերի դիակները գիշերը կը փոխանցւեն Իրան: Թերթիս ունեցած տւեալներով՝ այսօր առաւօտեան արդէն իսկ տեղափոխումը իրականացւել էր: Իսկ 15 վիրաւորներ, որոնք ի վիճակի էին փոխադրւելու, եւս տեղափոխւեցին Իրան: Նրանցից չորսը այժմ գտնւում են Թաւրիզի հիւանդանոցներից մէկում, իսկ 11 հոգին, որոնք մարմնական թեթեւ վնասւածքներ էին ստացել, հէնց տեղում անմիջական բուժօգնութիւն ստանալով՝ զբօսաշրջիկների խմբի հետ վերադարձել են Թեհրան: Դեռեւս 18 վիրաւորներ գտնւում են Թուրքիայի հիւանդանոցներում: Այստեղ միակ դժւարութիւնն այն էր, որ ոմանց փաստաթղթերը վթարի պահին կորել էին: Հետեւաբար՝ Բայազետի գաւառապետի հետ համադրաբար՝ այդ հարցը լուծւեց: Իրանական կողմում, ըստ պրն. Վարդանեանի, թէ՛ Ատրպատականի նահանգապետը, եւ թէ՛ Մակուի գաւառապետը արդէն ընթացքի մէջ էին եւ հրահանգ էր տրւած, որ բոլոր հիւանդանոցները պատրաստ լինեն ընդունելու վիրաւորներին, ինչպէս նաեւ պատկան մարմինները կարգաւորեն դիակների հարցը:

Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանեանը եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը այսօր վաղ առաւօտեան մեկնեցին Թաւրիզ: Նրանց հետ միասին մեկնեցին նաեւ Թեհրանի,Թաւրիզի եւ Սպահանի հայոց Թեմական խորհուրդների ներկայացուցիչներ՝ Վիգէն Գալստեանն ու Մկրտիչ Աւետումեանը եւ «Ալիք»-ի թղթակից Րաֆֆի Արզումանեանը: Ապա խումբը Թաւրիզից մեկնելով Մակու, իրանական կողմում հարցերին մօտկից ծանօթանալուց յետոյ, ուղեւորւեց Թուրքիա, այն քաղաքներ, ուր գտնւում են մեր վիրաւորները՝ մօտկից ծանօթանալու նրանց վիճակին ու իրենց ներկայութեամբ սփոփելու նրանց:

Ըստ վերջին տւեալների՝ Էրզրումում Իրանի հիւպատոսարանը տեղեկացնում է, որ հիւպատոսութեան ներկայացուցիչները երէկ այցելել են Թուրքիայի չորս քաղաքների 4 հիւանդանոցներում գտնւող տուժածներին եւ արձանագրել են, որ հիւանդների վիճակը կայուն է եւ որեւէ վտանգ չի սպառնում նրանց կեանքին:


Երկօրեայ սուգ՝ իրանահայ երեք թեմերում
«Ալիք»
10Սեպտեմբեր 2008

Այսու, սրտի անհուն վշտով եւ դառն կսկիծով իրանահայ երեք թեմերի թեմակալ առաջնորդները, Պատգամաւորական ժողովները, Իսլ. խորհրդարանի երկու հայ պատգամաւորները, Կրօնական եւ Թեմական խորհուրդներն ու ողջ ժողովականութիւնը երկօրեայ (սեպտ. 10-ին եւ 11-ին) սուգ են յայտարարում Իրանի մեր երեք թեմերի ողջ ատրածքում՝ երեքշաբթի, սեպտեմբերի 9-ի առաւօտեան ժամը 1-ին դէպի Արեւմտեան Հայաստան ուղեւորութիւնից վերադարձի ճանապարհին պատահած դժբախտ արկածի զոհ գնացած հայ ուղեւորների դառնաղէտ մահւան առիթով:Այս տխուր առիթով իրանահայ երեք թեմերի եկեղեցիներում հոգեհանգստեան յատուկ արարողութիւն է կատարւելու արկածի զոհ գնացած ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:Հինգշաբթի, 11 սեպտ.՝ Նոր Ջուղա՝ երեկ. ժամը 6-ին՝ վանքում:Ուրբաթ, 12 սեպտ.՝ Թեհրան, յաւարտ ս. պատարագի եւ Թաւրիզ ու Ուրմիա:
ԻՐԱՆԱՀԱՅ ԵՐԵՔ ԹԵՄԵՐԻ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՆԵՐԻ ԴԻՒԱՆ

40-րդ Համահայկական խաղերի բացման արարողութիւնը յետաձգւեց
«Ալիք»
10 Սեպտեմբեր 2008
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը իր արտահերթ նիստում որոշում կայացրեց, որ տեղի ունեցած յայտնի դժբախտ պատահարի առիթով 40-րդ Համահայկական խաղերի բացման արարողութիւնը, որը պէտք է կայանար այսօր, երկու օրով յետաձգւել է եւ կը կայանայ ուրբաթ օրը:
http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=5860

No comments: