Sunday, September 14, 2008

ԴԻՏԱՆԿԻՒՆ - Թեհրանի հայոց թեմի պատւիրակութիւնը՝ Նոր Ջուղայում

«Ալիք»
14 Սեպտեմբեր 2008
Երէկ վաղ առաւօտեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը, Կրօնական խորհրդի ատենապետ Տ. Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ Համիկ Մարգարեանը եւ Սեւան Դանիէլեանը մեկնեցին Նոր Ջուղա՝ Արեւմտեան Հայաստանի ուխտաւորներին Թեհրան վերադարձնող հանրակառքի ցաւալի դէպքի զոհւածների թաղման արարողութեանը մասնակցելու նպատակով եւ որպէս մխիթարութիւն ու զօրակցութիւն՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանին, Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին, ազգային իշխանութեանը, սգակիր ժողովրդին եւ ի մասնաւորի՝ զոհւածների հարազատներին:
Սրբազան Հօր գլխաւորած պատւիրակութիւնը մասնակցեց թէ՛ Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում կայացած հոգեհանգստեան արարողութեանը, եւ թէ՛ ազգային գերեզմանատանը կայացած թաղման արարողութեանը:
Սրբազան Հայրը տեղում թէ՛ խորազգաց վշտակցութիւն յայտնեց զոհւածների հարազատներին, եւ թէ՛ իր շնորհակալական խօսքն ուղղեց Իրանի պետական պաշտօնատարներին, նաեւ Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորներին, որոնք դէպքի առաջին պահերից իսկ ոչինչ չխնայեցին:

No comments: