Monday, September 15, 2008

Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը հողին յանձնւեցին «Կարօտի զոհերի» մարմինները

«Ալիք»
15 Սեպտեմբեր 2008

Երէկ դառն կսկիծով Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը հողին յանձնւեցին թեհրանահայ հինգ հայորդիներից չորսի անշնչացած մարմինները, որոնք զոհւել էին աւտովթարի դառնաղէտ դէպքի հետեւանքով, Արեւմտեան Հայաստան կատարած ուխտից վերադառնալիս:

Բօթը ծանր էր համայնքի համար եւ ինչպէս դէպքի լուրը առնելու պահերից երբ բոլորս՝ ազգային մարմիններ, իշխանութիւն ու ժողովուրդ հոգեպէս ալեկոծւեցինք, այնպէս էլ երէկ հոծ բազմութիւն էր համախմբւել՝ Նոր Բուրաստանում՝ վերջին հրաժեշտը տալու զոհւածներին եւ վշտակցելու հարազատներին:Կէսօրւայ ժամը 2-ին Նոր Բուրաստան գերեզմանատանն էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, որը մի պատւիրակութիւն գլխաւորելով՝ արարողութեանը մասնակցելու նպատակով՝ Թեհրան էր ժամանել, Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան ներկայացուցիչներ, Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորներ, թեմերի Թեմական խորհուրդների եւ «Ալիք»-ի ներկայացուցիչներ, քահանայից դասը, զոհւածների հարազատները եւ մեծ թւով հայրենակիցներ:

Նոր Բուրաստանի մատուռի դիմաց, ուր համախմբւած էին ներկաները, տեղադրւած էին չորս զոհեր՝ ամուսիններ՝ Թովմաս Մովսէս Մողադդամի (Ալմաս) եւ Ֆարանգ Շահբազիի, Միսաք Բաբայեանի եւ Սիլւանա Ղարադաղեանի դագաղները:

Նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, խունկի ծուխով պատւած դագաղների մօտ, կատարւեց թաղման կրօնական կարգը, որի ընթացքում սգում էին ոչ միայն հանգուցեալի անմիջական հարազատները, այլեւ՝ ողջ ներկաները: Օրւայ առիթով դամբանականներ արտասանեցին՝ Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Մանրամասնութիւնները տեսնել մեր յաջորդ համարներից մէկում:

Նշենք, որ զոհերից Վիգէն Տէր-Ղազարեանի դին այսօր է հողին յանձնւելու:


No comments: